Հայաստանում ստեղծվել են վայրի կենդանիների դիտարկման թաքստոց-տնակներ (ֆոտո)
Օրերս՝ հոկտեմբերի 18-ին, Վայոց Ձորի Շատին և Չիվա բնակավայրերի տարածքում տեղի ունեցավ վայրի կենդանիների դիտարկման համար նախատեսված թաքստոց-տնակների բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին բնապահպանական և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները ծանոթացան թաքստոց-տնակներին, ինչպես նաև «Վայրի կենդանիների դիտարկում Հայաստան» նախաձեռնությանը (Wildlife Watching Armenia), որի շրջանակներում Հայաստանում զարգացվելու է վայրի կենդանիների դիտարկման մշակույթը նպաստելով բնապահպանությանը և տեղաբնակների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Թաքստոց-տնակների կիրառումը նորարարական մոտեցում է և առաջին անգամ է կիրառվում Հայաստանում վայրի կենդանիների, հատկապես խոշոր կաթնասունների դիտարկման նպատակով: Այն ոչ միայն խթանում է էկոտուրիզմը, այլ նաև նպաստում է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմմանը: Մասնավորապես թիրախային բնակավայրերում գրանցվում են արջերի պարբերական այցեր տեղացիների այգիներ, որոնց ընթացքում կենդանին վնաս է հասցնում, որը սակայն չի փոխհատուցվում, ինչն էլ իր հերթին ստեղծում է բացասական վերաբերմունք վայրի կենդանիների նկատմամբ: Նման թաքստոց-տնակների տեղադրումը այգու տարածքում հնարավորություն է տալիս սեփականատիրոջը ստանալ հավելյալ եկամուտ այցելուներից և կարևորել վայրի կենդանիների պահպանությունը:
Թաքստոց-տնակները գտնվում են Չիվա և Շատին բնակավայրերի տարածքում: Դրանք տեղադրված են բնակավայրի բնակիչներ պտղատու այգիներում, որտեղ հնարավոր է դիտարկել տարբեր վայրի կենդանիներ, այդ թվում գորշ արջ, բեզոարյան այծ, վարազ, աղվես, գորշուկ, նապաստակ և այլն: Տարածքը հարուստ է նաև այլ կենդանատեսակներով՝ թռչուններով, սողուններով: Թաքստոց-տնակները նախատեսված են 2-3 հոգու համար: Դրանցում առկա է ինտերնետ կապ և սահմանափակ հասանելիությամբ էլեկտրականություն, որն ապահովում է արևային համակարգը: Թաքստոց-տնակները կահավորված են երկու մահճակալով, աթոռներով և անհրաժեշտ գույքով` այցելուների դիտարկումը հնարավորինս հարմարավետ կազմակերպելու համար:
Թաքստոցները կառուցվել են «Վայրի կենդանիների դիտարկումը և հարակից էկոզբոսաշրջային ծառայությունների զարգացումը Վայոց Ձորի մարզում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն:
Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀԿ կամուրջ ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: