Բայկալին անհետացում է սպառնում մոնղոլական ՀԷԿ-երի պատճառով
Բայկալ լճին ներկայումս բնապահպանական աղետ է սպառնում, իսկ եթե միջոցներ ձեռք չառնվեն, այն կարող է անհետանալ, ինչպես ժամանակին Արալյան ծովը: Այդ մասին գրում է «Իզվեստիան»` վկայակոչելով կառավարությունում եւ էներգետիկական առաջատար ընկերություններում աղբյուրներին:
Էներգետիկայի նախարարության փակ խորհրդակցությանը տվյալներ են բերվել այն մասին, որ Մոնղոլիայի նախատեսած երեք խոշոր հիդրոկայանների կառուցումը Սելենգա գետի եւ նրա վտակների վրա անշրջելի բացասական ազդեցություն կունենա Բայկալի բնապահպանական վիճակի վրա:
Այնուամենայնիվ, այդ օբյեկտների շինարարությունը չեղյալ համարելու համար անհրաժեշտ է Մոնղոլիային փոխարենն ինչ-որ բան առաջարկել, որովհետեւ նրան չեն գոհացնում այն տնտեսական պայմանները, որոնցով Ռուսաստանը նրան էլեկտրաէներգիա է մատակարարում:
Չինական բանկը նոր ՀԷԿ-երի նախագծի հովանավորներից մեկն է դարձել եւ ենթակառուցվածքի համար 827 մլն դոլար է հատկացրել:
Նշվում է, որ հիդոկառույցների շինարարության, ինչպես նաեւ ջրամբարները լցնելու եւ դրանց հետագա շահագործման դեպքում հոսքերի օրական եւ սեզոնային կարգավորման սկզբով էականորեն կփոխվի մոտակա գետերի հիդրոլոգիական ռեժիմը:
Հնարավոր է ջրաբերուկների հոսքի փոփոխություն, կփոխվի ջրի որակը, նրա սառցային եւ ջերմային ռեժիմը, ջերմոցային գազերի լրացուցիչ արտազատումը, որոնք հանգեցնում են կլիմայի փոփոխության, տարածքների ողողման սպառնալիք կառաջանա:
Պարբերականի տվյալների համաձայն, «Ինտեր ՌԱՕ»-ն «Շուկայի խորհուրդ» ընկերության հետ առաջարկել է վերլուծել գնման գների օպտիմալացման տարբերակները, հատկապես ուշադրություն դարձնել ՀՄՊ-ի (հզորության մատակարարման պայմանագիր) գների աճին եւ փոխել մուտքային հզորության գործակիցը, ինչը կէժանացներ Մոնղոլիայի համար էլեկտրաէներգիայի արժեքը: Նաեւ այլ առաջարկներ են արվել:
ՌԴ Էներգետիկայի նախարարությունից օպերատիվ մեկնաբանություններ չեն ներկայացվել, որովհետեւ գերատեսչության մասնագետները, որոնք զբաղվում են այդ հարցով, Մոնղոլիայում գործուղման են: