Ջրպետկոմի ծրագիրը փողոց դուրս բերեց գառնեցիներին և գողթեցիներին
Կոտայքի մարզում ջրի խնդիրը գնալով ավելի է սրանում: Մայիսի 20-ին Գառնի համայնքի բնակիչները 3-րդ անգամ փակեցին Գառնի-Երևան ավտոճանապարհը: Այս անգամ նրանց միացան նաև հարևան Գողթ համայնքի բնակիչները: Երկու գյուղերի բնակիչներին փողոց է դուրս բերել Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագիրը՝ ուղղված ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցմանը: Գառնեցիները պայքարում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, գողթեցիները՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի: Երկու գյուղերի բնակիչներն էլ նշում են, որ ծրագրերի իրականացումը կհանգեցնի իրենց գյուղերի ջրազրկմանն ու ամայացմանը, և որ իրականում դրանք արվում են մի քանի օլիգարխների բիզնես շահերը սպասարկելու համար: Ակցիայի ժամանակ բնակիչները հայտարարեցին, որ եթե պատկան մարմինները չգան ու չհայտարարեն, որ այս ծրագրերի իրականացումը դադարեցվում է, իրենք կդիմեն ավելի սուր միջոցների և կփակեն դեպի Երևան-Արտաշատ տանող խմելու ջրի խողովակը:
Նյութի աղբյուրը՝ ecolur.org։
