Վաշինգտոնում քննարկում են Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ գառնեցիների բողոքը

Գառնիի բնակիչները 520-ից ավելի ստորագրությամբ բողոք-նամակ են ուղարկել Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակ` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման վարկային ծրագրի վերաբերյալ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Գառնիի բնակչուհի Սառա Պետրոսյանը: Նա նշեց, որ բողոքի նամակում գրել են Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ խարդավանքներով անցկացվող հանրային լսումների, կոռուպցիոն ռիսկերի, ծրագրի բնապահպանական, սոցիալական ազդեցությունները չգնահատելու մասին: Վաշինգտոնից արձագանքել են գառնեցիներին՝ տեղեկացնելով, որ իրենց բողոքը քննարկում են:

«Գառնին տուրիստական գոտի է, և այստեղի բնակչության սոցիալական զարգացումը կապված է տուրիզմի հետ: Երբ Ազատի կիրճը, որը Գառնու հեթանոսական տաճարի և Խոսրովի արգելոցի հետ մեկ ամբողջություն է դիտարկվում, ցամաքեցնում են՝ բնապահպանական խնդիրներ են ստեղծում, անապատեցնում են այդ տարածքը, այն էկոլոգիապես և էսթետիկ առումով անարժեք է դառնում: Բացի դա, Գառնին տնտեսական առումով հանրապետության համար առաջնային տուրիստական գոտի է, և պետությունն` ինքը, իր տուրիզմի ռազմավարությունը կառուցում է Գառնի-Գեղարդ երթուղու վրա: Բայց որևէ ձևով հաշվարկված չէ, թե այս կարգի բացասական ազդեցություն ունենալուց հետո այն ինչպես է անդրադառնալու տուրիզմի՝ որպես ռազմավարություն զարգացնելու վրա»,- ասաց Սառա Պետրոսյանը:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում