Կատվախոտ. Դեղաբույսեր
Կատվախոտ (լատ.՝ Valeriána), կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ։
Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն, գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդ, գրգռվածության, սրտի նևրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաև որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին և այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Մեղրատու է։
Կատվախոտ բրդատերևը (V. eriophylla) անդրկովկասյան բնաշխարհիկ է, ՀՀ-ում հանդիպում է Շիրակի մարզի ենթալպյան գոտում՝ թփուտներում, ժայռերի վրա. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։