Բոխնի. Դեղաբույսեր
Բոխնի (լատ.՝ Angelica), հրեշտակաբույս, պկվախոտ, անգեղիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 80), ՀՀ-ում 1 տեսակ՝ բոխնի Տատյանայի (A. tatianae)։
Ցողունը սնամեջ է, հաստ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 4մ, ստորին տերևները կոթունավոր են՝ կրկնակի-եռակի փետրաձև կտըրտված, վերինները՝ փոքր, լայն տերևապատյանով։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ սպիտակ, հազվադեպ՝ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը ձվաձև է։ Դեղաբույս է. պտուղներն ու արմատները պարունակում են կումարիններ։
Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է ենթալպյան գոտում, անտառների բացատներում և մարգագետիններում։