Բոգ. Դեղաբույսեր

Բոգ (լատ.՝ Gentiana), օձի դեղ, օձի սխտոր, ճնդիան, փինջան ծաղիկ, բոգազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ բոգ ցրտակայուն (G. gelida), բոգ ջրային (G. aguatica), բոգ կովկասյան (G. caucasea), բոգ հովանոցային (G. umbellata) և այլն։

Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 3-70 (100) սմ։ Տերևները երկարավուն-նշտարաձև են, հակադիր, նստադիր, ամբողջական։ Ծաղիկները մեկական են, խողովակազանգակաձև, երկնագույն, մանուշակագույն կամ կապույտ, հազվադեպ՝ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։

Որոշ տեսակներ (արմատները) դեղատու են. պարունակում են գլիկոզիդներ, ալկալոիդներ, ճարպեր, շաքարներ, ֆերմենտներ, պեկտինային նյութեր։ Պատրաստուկները (լուծամզվածք, թուրմ, դեղափոշի) օգտագործում են մարսողության խանգարման ժամանակ և որպես լեղամուղ, միզամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց։ Գեղազարդիչ է և մեղրատու։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում