Արյունխմիկ դեղատու. Դեղաբույսեր

Արյունխմիկ (լատ.՝ Sanguisorba), արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արյունխմիկ դեղատու (S. officinalis)։

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, սապոնիններ, օսլա, ասկորբինաթթու, եթերայուղեր, կարոտինոիդներ, ներկանյութեր (մոխրագույն, կարմիր)։ Պատրաստուկները (եփուկ, մզվածք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկային հիվանդությունների, այրվածքների, լնդաբորբերի դեպքերում։ Մեղրատու է, գեղազարդիչ և կերաբույս։

Բուժման համար կիրառվում են հիմնականում բույսի արմատը և կոճղարմատը, երբեմն էլ նրա վերգետնյա մասը։ Մթերվում է աշնանը, երբ սկսում են թառամել տերևներն ու ծաղիկները։ Արմատը հանում են բահով, թողնելով բուսուտների 30-50%֊ը՝ հաջորդ տարվա աճի համար։ Արմատը անջատելով վերգետնյա մասից, լվանում են սառը ջրով, կտրատում 10-15 սմ երկարությամբ, չորացնում արևի տակ կամ լավ քամհարվող սենյակում, կամ չորացնում՝ 40-50 աստիճանի պայմաններում։ Լավ չորացրած հումքը կորացնելուց պետք է դյուրաբեկ լինի։ Հումքը պահում են պարկի մեջ, պարբերաբար խառնելով։ Այն ունի սև, գորշավուն տեսք, կոտրված մասում՝ դեղնավուն, անհոտ․ խիստ տտիպ համով։ Հումքի պիտանելիությունը մոտ 5 տարի է։ Արյունխմիկը հայկական ժողովրդական բժշկության մեջ հայտնի է եղել որպես լուծը և աղիքային արյունահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող (հյութը աչքերին կաթեցնելու եղանակով) և արյան ճնշումը իջեցնող միջոց։

Տարածված է Գեղարքունիքի, Լոռու մարզերի միջին և վերին լեռն, գոտիների ողողվող, անջրդի հովիտների մարգագետիններում ու բացատներում։ Կոճղարմատը հաստ է, փայտացող, կտրվածքում՝ գորշ դեղնավուն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում