Ավելուկ. Դեղաբույսեր

Ավելուկ (լատ.՝ Rumex), թրթնջուկ, թթվաշ, մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորական (R. acetosa) կամ թթվաշ, ավելուկ գանգուր (R. crispus), ավելուկ ալպիական (R. alpinus), ավելուկ ավելուկանման (R. acetoselloides), թրթնջուկ փոքր (R. acetosella) և այլն։

Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերիև, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։

Ըստ համի` ավելուկը լինում է դառը եւ քաղցր։

Ավելուկը բարբառներում կոչվում է վիլուկ (Տավուշ), ավլուկ (Լոռի), մզուկ (չոր ավելուկ, Ղարաբաղ)։ Ալիշանը հիշատակում է նաեւ սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը` արաբերեն հումազ բառով, կոչվում է նաեւ ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է։ Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) եւ գործածվել են իբրեւ փայտանյութ տանիքները ծածկելու համար։ Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաեւ թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա)։ Խաշած թրթնջուկի տերեւները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեւներով մաքրում են պղնձե ամանները, հյութով` թանաքի բծերը։

Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերեւներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են եւ ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են` թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը` ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը եւ ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերեւները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերեւները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում