Հայաստանը պետք է ստեղծի Քաղաքացիական ներդրումային շրջանառու կանաչ հիմնադրամ

Քաղաքացիական հասարակությունը կլիմայի փոփոխության մեղմացման և ադապտացման գործընթացներում կներգրավվի միայն այն դեպքում, եթե սոցիալական ու տնտեսական օգուտ ունենա այդ ներգրավումից: Նման կարծիք հայտնեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը մարտի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

«Ըստ էության, քաղաքացիական հասարակությանը ոչ թե պետք է ներգրավել, այլ այն պետք է լինի պատվիրատուն, որովհետև որքան էլ մենք շահառուներ փնտրենք այս կամ այն կառույցներում, վերջիվերջո, շահառուն՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը կրողը հասարակությունն է: Քաղաքացիական հասարակությունը պետք է իր պահանջարկը բավարարելու իրական, նյութականացված լծակներ ունենա։ Կարևորագույն լծակը` ֆինանսական ռեսուրսներն են: Մենք պետք է նորարարական ֆինանսական մեխանիզմ ստեղծենք, որտեղ քաղաքացիական հասարակությունը կլինի ֆինանսական ռեսուրսների տերն ու տնօրինողը», - ասաց Արամ Գաբրիելյանը։

Նա տեղեկացրեց, որ 2013թ-ի ապրիլի 25-ին ՀՀ կառավարությունն արձանագրային որոշում ընդունեց, որով հաստատվեց այդպիսի նորարարական ֆինանսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգը: Իսկ 2013թ-ի նոյեմբերի 14-ին մի այլ որոշմամբ կառավարությունն այդ հայեցակարգից բխող հանձնարարական տվեց՝ «կանաչ ներդրումային սխեմայի օրինակով բնավճարների միջոցներից քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն»։

Հայաստանի դիրքորոշման մեջ, որը սահմանված է ազգային մակարդակով սահմանված գործողություններում (INDC)․ 6 հիմնական ուղղություններից մեկը հենց ֆինանսական մեխանիզմն է, որը մենք մեր հայտարարությամբ ստանձնել ենք ստեղծել: Այդ հիմնադրամը հաստատուն հիմունքներով պետք է համալրվի բնավճարների միջոցներից, էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումներից և ածխածնային բնավճարներից,- նշեց Արամ Գաբրիելյանը և եզրափակեց,- Ինչպես նշված է այդ փաստաթղթում, «Ձևավորվող ֆինանսական մեխանիզմը՝

ա) կստեղծի իրական ու գործուն հիմքեր հանրային-մասնավոր վստահելի համագործակցության (PPP) հիմնման ու զարգացման համար

բ) կապահովի ապագա սերունդների կողմից «կլիմայական ռեսուրսներից օգտվելու» մարդու բնական իրավունքը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում