Դեբեդ(գետ). ՀՀ Բնության հուշարձան
Դեբեդը Կուրի ավազանի ամենախոշոր գետն է։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը՝ Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։
Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն։
Դեբեդի հովիտը
Այն հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերեը դուրս են գալիս իրենց հունից և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում Նոյեմբերյանի շրջանի ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։
Դեբեդը ՀՀ տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։ Դեբեդը կազմվում է Ձորագետի ու Փամբակի միացումից և թափվում է Խրամ գետը։ Երկարությունը, հաշված Փամբակի ակունքներից, 178 կմ է, 152 կմ Հայաստանում, մնացածը՝ Վրաստանում։ Ավազանը՝ 4080 ք. կմ է, որից 3790 ք. կմ՝ Հայաստանում։
Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. խ. մ, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ ք. կմ, միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։
Կիրճի խորությունը Թումանյան կայարանի մոտ 350 մ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։ Նշանավոր վտակներն են՝ Մարցը, Աչերը, Շնողը։ Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Քառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին և այլն։ Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ որպես սարսափազդու գետ... Այն նկարագրված է նաև Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքո» պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագարվում է՝ այդ կիրճում գիշերը միայնակ լինելով։