Երևանում էներգախնայողությունից տնտեսված միջոցներով փոխվում է Հաղթանակի կամուրջի և Մաշտոցի պողոտայի լուսավորությունը
Հայաստանում էներգախնայողությանն ուղղված ծրագրերն արդեն տալիս են իրենց արդյունքները: Մասնավորապես, Երևանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականցված փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի շնորհիվ Երևանի քաղաքապետարանը 2015թ. 8 ամսում տնտեսել է 30 հազար դոլար:
Այս կապակցությամբ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը սույն թվականի մարտի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» թեմայով կլոր սեղանի ընթացքում մասնավորապես ասաց.
«Մենք լուսավորության ծրագրեր արեցինք 5 քաղաքների հետ, բոլորի հետ պայմանագիր ունենք, տեղադրում ենք էներգախնայող լամպեր, հաշվում ենք միասին, թե ինչքան տնտեսում է լինում: Ամեն ամիս մեր և քաղաքապետարանների մասնագետները ստորագրում են փաստաթղթի տակ, և տարվա վերջում կուտակված միջոցը պետք է նորից ծախսվի լուսավորության էներգաարդյունավետության վրա:
2015թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը տնտեսումից կուստակված 30 հազար դոլար գումարը փոխանցեց ՄԱԶԾ-ին հետ, և հիմա այդ միջոցներով փոխվում է Հաղթանակ կամուրջի, Մաշտոցի պողոտայի լուսավորությունը։ Սպիտակում այս տարի տնտեսումից կուտակվում է 2200 դոլար: Մտածում ենք այդ գումարը լրացնել, այլ դոնորներից գումարներ ներգրավելով, որպեսզի քաղաքի այլ փողոցներում լուսավորությունը փոխվի»: