Շուտով Սյունիքի մարզում ապրելու տեղ չի լինի. ահազանգում են բնապահպանները
Հայաստանում բուռն կերպով զարգացող հանքարդյունաբերությունը իրականում հանքակերություն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Աննա Աղլամազյանը:
Նա նաև ընդգծեց, որ եթե նման տեմպերով հանքարդյունաբերողները շարունակեն, ապա 10 տարի հետո Սյունիքի մարզում ապրելու տեղ չի լինի: Մասնավորապես Աննա Աղլամազյանը ասաց.
«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր գետերի և ջրերի հետ, և նմանատիպ գործունեությունը ուղղակի արկածախնդրություն է: Մի քանի կոպեկի համար շրջակա միջավայրը թունավորել և վտանգելը պարզապես անթույլատրելի է, և եթե մենք այս տեմպերով շարունակենք՝ տասը տարի հետո Սյունիքի մարզում ապրելու տեղ չենք ունենա»:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց. «Այսօր Հայաստանում մոտավորապես 518 հանքավայր կա, և բոլոր հանքավայր շահագործողները պետության կողմից ազատվել են հարկերից: Եթե հանքը շահագործողները հարկ վճարեին պետական գանձարան, այդ թիվը կկազմեր մոտավորապես 812 մլն դոլար, քանի որ միայն 347 հազար տոննա հանքաքարում կա մոտավորապես 1 ու կես տոննա ոսկի և 4 տոննա արծաթ: Եվ այս երկուսը միասին կազմում է մոտավորապես 64 մլն դոլար»:
Խոսելով «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման հարցում գյուղացիների վերաբերմունքի մասին՝ Աննա Աղլամազյանը նշեց, որ համայնքը քիչ ներգրավվածություն է դրսևորել: «Օգոստոսի 21-ից սկսվել են հանրային լսումները, և գյուղացիները շատ քիչ թվով էին մասնակցում քննարկումներին: Նրանք, ովքեր ներկա էին, իրենց համագյուղացիների չներկայանալը բացատրում էին այն հանգամանքով, որ նախապես արված հայտարարության մասին շատ քչերն են տեղյակ եղել»,- ասաց Աննա Աղլամազյանը՝ ավելացնելով, որ հանքարդյունաբերողները աղքատ վիճակում ապրող գյուղացիներին խոստումներ են տալիս, 200 հազար դրամ աշխատավարձ վճարում, խոստանում 7 տարի հետո աշխատանքով ապահովել, և հնարավոր է՝ դա է պատճառը, որ գյուղացիները պասիվություն են դրսևորում։