Ինչպես հայ գիտնականները «դատապարտեցին» 45 ընձուղտների
- 43 ընձուղտները, որոնք այժմ գտնվում են Էրեբունի վարչական շրջանում (Վարդաշեն), վայրի բնությունից են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից։
- ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել կենդանիներին իրենց բնական միջավայրից կտրելու և բացարձակապես այլ միջավայր՝ փակ շինությունների մեջ պահելու գաղափարին։
- 4 կենդանի արդեն անկել է, իսկ մյուսների ճակատագիրն անհայտ է։
Ֆաունա Զօօ ՍՊԸ (նախկին Զօօ Ֆաունա Արտ ՍՊԸ) տարածքում արդեն 4 կենդանի է անկել, իսկ մյուս հարյուրավոր կենդանիների ճակատագիրը շարունակում է մշուշոտ մնալ։ Շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուներն են։
Այս հոդվածում փորձել ենք պարզել, թե ինչ ապագա է սպասվում վերջին տարիներին ՀՀ ներմուծված հարյուրավոր էկզոտիկ կենդանիներին և ինչ դերակատարություն է այստեղ ունեցել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։ Հատկապես այս դրվագը ուշագրավ է, քանի որ ենթադրաբար, գիտությունը պետք է ծառայի ի բարրօրություն մարդկության և բնության, այլ ոչ թե վնաս պատճառի 2 կողմերին էլ։ Զարմանալիորեն, հատկապես վերոնշյալ ՊՈԱԿ-ի գործունեությունը մեկ անգամ չէ, որ վնաս է պատճառել։
«Վայրի առևտուր» հետաքննական ֆիլմում ներկայացրել ենք, որ 2021թ․-ի ընթացքում Հայաստան են ներմուծվել հարյուրավոր էկզոտիկ կենդանիներ առևրային նպատակներով, այդ թվում՝ 44 ընձուղտներ։ Ընթերցողին հատկապես հետաքրքրել է, թե Հայաստանում այդ քանակությամբ ընձուղտներ ինչ նպատակով են բերվել, որտեղ են կենդանիները պահվում, ուստի 44 ընձուղտների օրինակով դիտարկենք իրավիճակը։
Ներմուծված ընձուղտներից մեկը՝ Ֆաունա Զօօ ՍՊԸ տարածքում, 2021թ․ հունիս
Պարզվում է հարյուրավոր կենդանիների ներմուծման գործում մեծ դերակատարություն է ունեցել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ը, որն էլ դրական եզրակացություն է տվել Ֆաունա Զօօ ՍՊԸ «բիզնես գաղափարին» և կանաչ լույս է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը, որն էլ թույլ է տվել իրականացնել կենդանիների ներմուծումը։
Ֆաունա Զօօ ՍՊԸ-ն ստեղծվել է 2019թ․-ին, զբաղվում է կենդանիների ներմուծմամբ, արտահանմամբ, բուծմամբ, վաճառքով, սակայն մինչ այդ՝ 2009թ․-ից գործել է Զօօ ֆաունա Արտ ՍՊԸ-ն, որը 2017թ․-ին ճանաչվել է սնանկ։ Ըստ էության, խոսքը նույն ընկերության մասին է, փոխվել է միայն անվանումը։ Զօօ ֆաունա Արտ ՍՊԸ հիմնադիրը հայտնի Արթուր Խաչատրյանն է, որն անգամ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից միջազգային հետախուզման մեջ է գտնվել անօրինական ճանապարհով ՀՀ տարածք բոնոբո տեսակի կապիկներ ներմուծելու համար։ Ֆաունա Զօօ ՍՊԸ գործերով ևս զբաղվում է Արթուր Խաչատրյանը։
Քանի որ Ֆաունա Զօօ ՍՊԸ-ից տևական ժամանակ է հրաժարվում են մեզ որևէ մեկնաբանություն տալ, իսկ թեման հասարակական մեծ նշանակություն ունեցող է, ուստի ստիպված ենք հիմնվել նախապես հայտնի դարձած հանգամանքների վրա։
Վայրի բնությունից՝ քարե պատերով բանտարկություն
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվել է ձեռք բերել 45 ընձուղտների արտահանման ՍԻԹԵՍ արտոնագիրը, որը տրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Անտառային տնտեսության, ձկնաբուծության և շրջակա միջավայրի նախարարության (Minister of Forestry, Fisheries and the Environment) շրջակա միջավայրի կառավարման տեսուչներից (Environmental Management Inspector) մեկի կողմից, որի տվյալները հստակ չեն երևում ՍԻԹԵՍ արտոնագրի պատճենից։ Առհասարակ, պատճենը բավական վնասված է և դժվար ընթեռնելի, սակայն հստակ է, որ կենդանիները վայրի բնությունից են․ արտոնագրում նշված է W (II), ինչը նշանակում է «Wild - վայրի բնություն» և ՍԻԹԵՍ հավելված II։
Հատված ՍԻԹԵՍ արտոնագրի պատճենից։
ՍԻԹԵՍ արտոնագիրը վկայում է, որ ՀՀ ծրագրվել է տեղափոխել 45 ընձուղտներ, այդ մասին վկայում է նաև ՀՀ ՇՄՆ կողմից ավելի վաղ մեզ տրամադրված ձեռքբերման փաստաթղթերը, սակայն ՀՀ ՊԵԿ տվյալների համաձայն՝ ՀՀ տարածք մուտք են գործել 44-ը, ուստի մեծ հավանականությամբ կենդանիներից 1-ն անկել է ճանապարհին։
Ձեռքբերման փաստաթուղթ՝ Thaba Manzi Wildlife Service կազմակերպությունից։
Ընձուղտների Giraffa camelopardalis տեսակը ներառված է ՍԻԹԵՍ հավելված 2-ում, ինչը նշանակում է, որ կենդանիների տեղափոխման համար բավարար է միայն արտահանող երկրի ՍԻԹԵՍ արտոնագիր։ Այս փաստաթուղթը մեզ չի տրամադրել ո՛չ ՇՄ նախարարությունը, ո՛չ ՀՀ ԳԱԱ-ը, այն մեզ բավական դժվարությամբ տրամադրել է միայն ՊԵԿ ՄՀ և ԵՀ վարչությունը։
Այն թեզը, որը հետևողականորեն առաջ է տարվում տարբեր անհատների կողմից, թե իբր բուծված կենդանիների առևտուրը «նորմալ» է, այս դեպքում անգամ այն ակտուալ չէ։
Փաստ 1․ 45 ընձուղտները վայրի բնությունից են՝ ՀԱՀ-ից։ Կենդանիները կտրվել են մորից, բնական սննդից և միջավայրից, կլիմայական պայմաններից ու տեղափոխվել են ՀՀ, ավելի կոնկրետ՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան, Գուրգեն Մահարի փողոց, ընդ որում՝ նրանցից միայն 44-ն են մուտք գործել Հայաստան։
Ձեռքբերման փաստաթղթերի համաձայն 45 ընձուղտների գինը կազմել է 51 750 ԱՄՆ դոլար, յուրաքանչյուրը՝ 1150 դոլար։
Ինչո՞ւ
Բիզնես և փող․ հայտնի է, որ ՀՀ-ը վայրի կենդանիների առևտրի տրանզիտային երկիր է, մասնավորապես, Ֆաունա Զօօ ՍՊԸ համար։ Ընկերության հիմնական արտահանման երկիրը Ռուսաստանն է, և հավանաբար, ընձուղտների մի մասը ևս պետք է վաճառվեր ՌԴ, սակայն դեռևս 2020թ․-ից սկսած ռուսական Ռոսսելխոզնադզորն արգելել է դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանի կենդանիների, դրանց ածանցյալների մուտքը և փոխադրումը ՌԴ տարածքով ՀԱՀ-ից։
Ստացվում է ՀԱՀ-ից կենդանիները Ֆաունա Զօօ ՍՊԸ կողմից բերվել են Հայաստան, սակայն վաճառել ու արտահանել ՌԴ չի հաջողվել, քանի որ արգելքը գործում է մինչ այսօր։
Արթուր Խաչատրյան
Հայաստանից Ռուսաստան ընձուղտի տեղափոխման գաղափարի մասին դեռևս այս տարվա մարտ ամսին գրել է նաև ռուսական մամուլը, մասնավորապես Պենզայի կայքերից մեկը գրում է, որ քաղաքի կենդանաբանական այգու համար նախատեսված ընձուղտը, որը պետք է բերվեր Հայաստանից չի հատել սահմանը կարանտինային արգելքի պատճառով։
«Մասնագիտական» եզրակացություն
Դեռևս 2019թ․-ի հոկտեմբեր ամսին ՇՄ նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը դիմել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն (արեն նախկին) Բարդուխ Գաբրիելյանին՝ խնդրելով մասնագիտական դիրքորոշում հայտնել Ֆաունա Զօօ ՍՊԸ կողմից մի շարք կենդանիներ ներմուծելու վերաբերյալ։ Առդիր ներկայացվել է նաև կենդանիների ցանկը։
Ինչպես պարզ է դառնում ՇՄՆ կողմից մեզ տրամադրված փաստաթղթերից՝ այցելությունն ընկերության տարածք տեղի է ունեցել 2020թ․-ի ամռանը, իսկ վերջնական եզրակացությունը Բարդուխ Գաբրիելյանի կողմից տրամադրվել է 2020թ․-ի հոկտեմբեր ամսին։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ նախկին տնօրեն Բարդուխ Գաբրիելյան։
Ուսումնասիրություններին մասնակցել են ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ կողմից՝ կ․գ․դ․ պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, ողնաշարավոր կենդանիների կենդանաբանւթյան լաբորատորիայի վարիչ կ․գ․թ․ Մամիկոն Ղասաբյանը, նույն լաբորատորիայի ավագ գիտաշխատող կ․գ․թ․ Արամ Աղասյանը և նույն լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Գոռ Քալոյանը։
Արամ Աղասյան
Ուշագրավ է, որ ավագ գիտաշխատող կ․գ․թ․ Արամ Աղասյանը նաև ՇՄ նախարարության աշխատակից է՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունից, իսկ Արմեն Արաբյանն Արթուր Խաչատրյանի հետ փոխկապակցված անձ է՝ նրանք ընկերներ են։ Այդ մասին ավելի ուշ՝ 2021թ․-ին պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Արմեն Արաբյանը։
Արմեն Արաբյան և Արթուր Խաչատրյան՝ ՇՄՆ-ում։
Հետաքրքիր է նաև, որ մասնագիտական եզրակացություն են տվել մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հետ, առավել ևս, որ նման էկզոտիկ տեսակների կենդանիներ ու այդպիսի քանակությամբ Հայաստանում երբեք չեն եղել, ուստի առնվազն տարօրինակ է, որ նշված մասնագետները, նման ծրագրի հետ աշխատելու փորձառություն չունենալով, տվել են դրական եզրակացություն և դա հիմք է հանդիսացել ՇՄ նախարարության համար։
Ավելին, նման էկզոտիկ տեսակների կենդանիների, ինչպիսիք են ընձուղտները, զեբրերը, անտիլոպները և այլն, ուսումնասիրության ուղղությամբ մասնագիտացված գիտական աշխատողներ ՀՀ-ում չկան։
Այս հարցն ուղղել ենք նաև վերոնշյալ թույլտվության համար պատասխանատու ՀՀ ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանին, որն ասել է․ «Ինձ ընդհանրապես հայտնի չէ Ձեր նշած նեղ մասնագետներ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Նույն տրամաբանությամբ, եթե առաջնորդվենք, մենք պետք է ցանկացած գործունեություն դադարեցնենք, եթե դրա նեղ մասնագետները չունենք։
Սևակ Բալոյան, ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ
Այսինքն, մենք նաև չունենք բզեզների որևէ տեսակի նեղ մասնագետ, մենք չունենք հանրապետությունում միայն ֆիքսված գայլի մասնագետ, կոնկրետ լուսանի մասնագետ, ընձառյուծի մասնագետ։ Կենդանաբանները ընդհանրապես լինում են ունիվերսալ և կարող են թե մասնագիտական գրականությունից օգտվել, թե իրենց կոլեգաների որևէ մասնագիտական եզրակացության հանգել, և ընդհանրապես կան միջազգային ստանդարտներ, և տվյալ կառույցի աշխատակիցները կարող են օգտվել այդ չափանիշներից և եզրակացության գալ»։
Կենդանաբանական այգիների և վայրի բնության կենդանաբույժների եվրոպական ասոցիացիայի (EAZWV) կենդանաբուժական խմբի ավագ խորհրդատու, Հեպարդների պահպանման հիմնադրամի (Cheetah Conservation Fund), Կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (AZA) կատվազգիների պահպանման խմբի (FELID TAG), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Եղջերուների պահպանության աշխատանքային խմբի (Deer Specialist Group), FPWC և IAR գլխավոր կենդանաբույժ Իման Մեմարիանը մեզ հետ զրույցում պարոն Բալոյանի վերոնշյալ պնդումները հակագիտական է համարել։
Վերոնշյալ «մասնագիտական» եզրակացությունը ամբողջությամբ կարդացեք հղումով։
Փաստ 2․ ՀՀ ԳԱԱ թույլ է տվել հարյուրավոր էկզոտիկ կենդանիների կտրել վայրի բնությունից և տեղափոխել Հայաստան։ Մասնագիտական եզրակացություն են ներկայացրել մարդիկ, որոնք չունեն համապատասխան փորձառություն, սակայն ունեն փոխկապակցվածություն տնտեսվարողի հետ։
Մոլեգնող հիվանդությունը Աֆրիկայում
Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքը պայմանավորված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում դաբաղ հիվանդության վիրուսով վարակվելու հավանականությամբ էպիզոոտիկ իրավիճակի վատթարացման հետ և 2020 թվականի հունիսի 29-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ՀԱՀ-ից հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների ներմուծման, ինչպես նաև՝ ՌԴ տարածքով տեղափոխման վրա։ Անհայտ է, թե որքան կտևի այդ արգելքը։
Ընձուղտների տեղափոխումը երկրից երկիր ամենաբարդ գործընթացներից մեկն է և կարող է հանգեցնել կենդանու վնասման, մինչև անգամ՝ մահվան։ Միջազգային կենդանաբույժ Իման Մեմարիանը մեզ հետ զրույցում ասել է․ «Վստահաբար մեծ փղին կամ հսկայական երկար ընձուղտին տեղափոխելն անիրական է դառնում առնվազն ինքնաթիռով։ Ցամաքով տեղափոխումը ևս անհնար է դառնում, քանի որ կան շատ կամուրջներ, էլեկտրական սյուներ, լարեր։ Ընձուղտի դեպքում մինչև երեք տարեկանն իդեալական ժամանակահատվածն է տեղափոխման համար, բայց որքան երիտասարդ, այնքան լավ»։ Այս մասին մանրամասն մասնագիտական դիրքորոշում է ներկայացվել «Վայրի առևտուր» ֆիլմում։
ՀՀ ՍԱՏՄ ուղարկված գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք, թե արդյոք ՌԴ կողմից սահմանած արգելքն է ընձուղտներին չարտահանելու պատճառը և ստացել ենք պատասխան․ «Հարավաֆրիկյան Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների արտահանման սահմանափակումները տարածվում են նաև ՀԱՀ-ից ՀՀ ներմուծված ընձուղտների վրա՝ ՌԴ արտահանելու դեպքում»։
Ուշագրավ է, որ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից այդպիսի արգելք չի սահմանվել, ուստի հետաքրքրվել ենք, թե ո՞րն է պատճառը․ «ՀՀ ՍԱՏՄ կողմից ՀԱՀ-ի նկատմամբ նման սահմանափակում չի կիրառվել, քանի որ, ըստ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվության, ՀԱՀ ոչ բոլոր տարածքներում է գրանցվել դաբաղ հիվանդությունը և ամեն երկիր, կախված ռիսկերի վերլուծությունից ինքն է որոշում՝ կիրառել սահմանափակում, թե ոչ»։
Փաստ 3․ Հայաստանը թույլ է տվել բնությունից վերցված 45 ընձուղտների ներմուծումը հանրապետություն՝ դաբաղ հիվանդության բռնկման ռիսկի առկայության պայմաններում։
Ձախողված բիզնես, անփութություն, թե՞ կոռուպցիա
Ի՞նչ է սա՝ ձախողված բիզնես, կենդանիների տանջանքների ենթարկելու միտո՞ւմ, թե՞ պետական մակարդակով թույլ տրված անփութություն, միգուցե նաև՝ կոռուպցիա՞։
Ֆաունա Զօօ ՍՊԸ ղեկավարությունը՝ Արթուր Խաչատրյանը, արդեն մեկ անգամ բիզնես ձախողում ունեցել է՝ Զօօ Ֆաունա Արտ ՍՊԸ դեպքում։
2009 թվականին Զօօ ֆաունա Արտ-ը 120 հազար ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություն է ստանձնել և չի կատարել այդ պարտավորությունները, իսկ 2017թ․-ին ճանաչվել է սնանկ։ Ընկերության հիմնադիր Արթուր Խաչատրյանը գրավադրել է եղբորը՝ Արմեն Խաչատրյանին պատկանող Խալեյան ՍՊԸ-ի տարածքը, որը նույն Գուրգեն Մահարի փողոցում գտնվող տարածքն է։ 1-ին ընկերության սնանկությանը զուգահեռ ստեղծվել է 2-րդը՝ Ֆաունա Զօօ, որի հիմնադիրն Արթուր Խաչատրյանի որդին է։
Արթուր Խաչատրյանի որդի Արամ Խաչատրյան։
Այժմ ընկերության տարածքը գրավադրված է, իսկ Զօօ Ֆաունա Արտ ՍՊԸ-ն արդեն գտնվում է լուծարման փուլում և հնարավոր է՝ տարածքը, որտեղ այժմ գտնվում են կենդանիները, հանվի աճուրդի և վաճառվի, իսկ թե ի՞նչ է լինելու այնտեղ գտնվող կենդանիների հետ, անհայտ է։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է Զօօ Ֆաունա Արտ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը։
Զօօ Ֆաունա Արտ կամ Ֆաունա Զօօ ՍՊԸ տարածք, Էրեբունի վարչական շրջան։
Սա այն տարածքն է, որտեղ ըստ պաշտոնական տվյալների գտնվում են ներմուծված կենդանիները՝ վագրեր, առյուծներ, ընձուղտներ և այլն։ Ի դեպ, տարածքը շրջապատված է բնակելի տներով։ Ուշագրավ է, որ պատասխանատու պետական մարմիններից ոչ մեկը հստակ տեղեկություններ չունի այդ տարածքի կարգավիճակի մասին․ ի վերջո ի՞նչ է սա՝ կենդանաբանական այգի, բուծարան, կարանտինային կետ, թե՞ ինչ։ Անհայտ է նաև, թե ինչ է սպասվում այս բոլոր կենդանիներին, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։
Ընկերության ոչ բարի համբավը, ձախողված բիզնեսը, տնօրենի կասկածելի վարքը, հարուցված քրեական գործը, ինտերպոլի միջոցով հետախուզման մեջ գտնվելը (այս դեպքերին նախկինում անդրադարձել ենք), պետք է ազդակ լինեին պետական մարմինների, հատկապես՝ Շրջակա միջավայրի նախարարության համար, այս «բիզնեսին» առավել զգուշորեն և լրջորեն վերաբերվելու համար, ինչը սակայն տեղի չի ունեցել և այժմ այդ տարածքում գտնվում են հարյուրավոր էկզոտիկ կենդանիներ, որոնց ապագան ևս, կարծես չի հետաքրքրում պետական մարմիններին։ Այստեղ է, որ առաջանում է առնվազն անփութության, իսկ առավելագույնը՝ կոռուպցիոն սխեմայի հիմնավոր կասկած։