Մաքրված արագիլը հաջողությամբ թռիչք է իրականացնում ՀՀ տարածքում
Մաքրված փետրածածկով նշադրված արագիլը հաջողությամբ թռիչք է իրականացնում ՀՀ տարածքում: Առանձնյակը բաց թողնման վայրից հեռացել է 10 կիլոմետր դեպի արևմուտք և շարունակում է իր թռիչքը: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։
NABU պաշտոնական էջը գրել է․ «NABU հայաստանյան մասնաճյուղի թիմը շարունակում է հետևել մաքրված փետրածածկով նշադրված առանձնյակին՝ հասկանալու համար նրա թռիչքի հաջողության տեմպերը: Հուսով ենք, որ Արարատյան դաշտում էկոլոգիական աղետի հետքերը չեն խանգարի նրան բարեհաջող չվել ձմեռման վայր, այնուհետև՝ վերադառնալ բնադրման գոտի:
Մենք կշարունակենք տեղեկացնել Ձեզ հետագա զարգացումների մասին:
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված մի շարք արագիլների աղտոտված փետրածածկի մաքրումն իրականացվել է կամավորների, Երևանի կենդանաբանական այգու և NABU հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների ջանքերով, ինչից հետո նրանք բաց են թողնվել վայրի բնություն:
Հետազոտություններն իրականացվում են «Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների էկոլոգիայի ուսումնասիրություն» ծրագրի շրջանականերում»: