Մի շարք խախտումներ և 4.5 մլն դրամի վնաս՝ «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ում
«Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ն կհատուցի շրջակա միջավայրին հասցված շուրջ 4.5 մլն. ՀՀ դրամի չափով վնասը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Ընկերությունը լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս արդյունահանել է 1660խմ. տուֆանման լեռնային զանգված, 5189.5 խմ. տուֆի օգտակար հանածո։ Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։ Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։ Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։ Լիազոր մարմնին չի ներկայացրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։
Վերոհիշյալ և մի շարք այլ խախտումների համար Ընկերության նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 450.000 ՀՀ դրամի չափով։
Համաձայն մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.352.400 ՀՀ դրամ։