Ուշադրություն․ հանրային քննարկումներ Վայք խոշորացված համայնքում

«Վայք գոլդ» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը:

ՇՄ նախարարությունը հայտնել է հանրային քննարկումներ կազմակերպելու մասին․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ հուլիսի 22-ին ժամը 14:30-ին Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի վարչական շենքում տեղի կունենա «ՎԱՅՔ ԳՈԼԴ» ՍՊԸ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում»:

Հայտում նշված է, որ Ազատեկի ոսկի բազմամետաղ հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում, Վայք քաղաքից մոտ 3.4 կմ հեռավորության վրա: Ընկերությունը չի պլանավորում և նախագծով չի նախատեսելու իրականացնել հանքաքարի արդյունահանում Վայք քաղաքում: Ըստ նախագծային պլանների ընդերքօգտագործում իրականացվելու է Ազատեկ և Զառիթափ համայնքներում: Հանքավայրի տարածքը գտնվում է մինչև 8-9 բալանոց սեյսմիկ գոտում: 

2011թ-ին լույս տեսած երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» աշխատության մեջ նշված է, որ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում արդյունաբերական C1 և C2 կատեգորիաներով գնահատված օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարներն են՝ ոսկի՝ 17481,3 կգ, արծաթ՝ 393,6 տ, պղինձ՝13,2 հազ. տ, ծարիր՝ 5,0 հազ. տ, կապար՝ 37,2 հազ. տ, ցինկ՝ 18,8 հազ. տ: Այս հանքավայրում հայտնաբերվել են նաև սելեն՝ 48,3 տ, տելլուր՝10,7 տ, բիսմուտ՝ 234,8 տ, կադմիում՝ 97,7 տ, գալիում՝ 111,7 տ, մկնդեղ՝ 24,3 տ, ծծումբ՝ 356,6 հազ. տ: Նախատեսվում է հանքը շահագործել փակ եղանակով և տարեկան արդյունահանել 300 հազար տոննա հանքաքար 16.8 տարի ժամկետով:

Կարմիրգրյան տեսակներին նախատեսվում է անդրադարձ կատարել հիմնական գնահատման հաշվետվությունում: Նախատեսվում են մշտադիտարկումների միջոցառումներ, մասնավորապես՝ մակերևութային ջրերի, Արփա գետի, օդի, հողի նմուշառումների իրականացում: Հանքի փակման փուլում մշտադիտարկման աշխատանքները կկատարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մշտադիտարկման պարամետրերը չկայունանան, սակայն ոչ պակաս, քան հանքի փակումից հետո հետագա 5 տարիների ընթացքում: «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել սոցիալական ծրագրեր և մասնակցել ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների իրականացմանը:

Ընկերությունը կունենա 61 աշխատող հանքում և 207-ը՝ հանքարանում, իսկ աշխատատեղերի լրացման ժամանակ առաջնահերթությունը կտրվի տեղի բնակիչներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում