Որսորդ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»։
Ընդգծենք, որ Տիգրան Սիմոնյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2020թ․–ի սեպտեմբեր ամսին։ Վերջինս հանդիսանում էր գործող որսորդ և որսորդության ջատագով։
Տիգրան Սիմոնյան
Ծնվել է 1980 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
1996 թվականին ավարտել է ք.Աբովյանի N10 միջնակարգ դպրոցը (գերազանցությամբ):
2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցությամբ):
2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան (գերազանցությամբ):
2005 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:Իրավաբանական գիտությունների թեկնածու է (2004 թվականին պաշտպանել է «Երիտասարդների հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը ՀՀ-ում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն), դոցենտ:
Հեղինակ է ավելի քան 30 գիտական հոդվածների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի:
Վերապատրաստվել եւ մասնակցել է գիտական քննարկումների Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Չեխական հանրապետությունում եւ եւ Ավստրիական հանրապետությունում:
Աշխատանքային գործունեություն
2002-2005 թվականներին ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005թվականից առ այսօր Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:
ՀՀ իրավաբանների միության անդամ է:
2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ընդգրկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:
2015-2019թ.թ. հանդիսացել է ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:
2017 թվականի հունվարի 18-ին նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախհանձնաժողովի անդամ, պաշտոնավարել է մինչև հանձնաժողովի գործունեության դադարեցումը (2018 թվականի ապրիլի 9):
2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ներկայացրել է հրաժարական և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: