Ծնվել է հազվագյուտ գիշանգղերի 2-րդ ձագը․ ուղիղ կապ (տեսանյութ)
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ուղիղ տեսակապ է ապահովել ՀՀ վայրի բնության մեջ բնադրած գիշանգղերի զույգից։ Տեսախցիկի միջոցով հնարավոր է օնլայն հետևել թռչուններին, իրենց վարքին և ապրելակերպին։
Գիշանգղները բնադրում են բարձր և անմատչելի ժայռերի խորշերում, հիմնականում ածում են 2 ձու, իսկ ինկուբացիան տևում է 42 օր: Ծնվելուց հետո 80-110 օր անց երիտասրդ թռչունները կատարում են իրենց առաջին թռիչքը:
Ուշագրավ և շատ լավ նորություն է, որ գիշանգղերի զույգն արդեն 2-րդ ձագն է ունենում։ Օրեր առաջ ձվից դուրս են եկել այս հազվագյուտ թռչնատեսակների 2 ձագերը, ինչը շատ ուրախացնող լուր է։
Գիշանգղները էկոհամակարգերի ու սննդային շղթայի կարևորագույն օղակներից են, քանզի սնվելով լեշով նրանք իրականացնում են սանիտարների ֆունկցիա և կանխարգելում են հիվանդությունների տարածումը: Որպես կանոն, այս տեսակը լեշին է մոտենում ամենավերջում, երբ մյուս բոլոր լեշակերներն արդեն հեռացել են: Գիշանգղները նաև կենդանական աշխարհի այն եզակի տեսակներից են, որոնք սնունդ հայթհայթելու համար կարող են օգտագործել գործիքներ. նրանց դեպքում՝ քարեր: Քարերի միջոցով նրանք կոտրում են ջայլամների հաստակեղև ձվերը և վայելում ավարը:
Գիշանգղների թվաքանակի նվազման հիմնական պատճառներն իհարկե կապված են մարդու գործունեության հետ: Մարդու կողմից ստեղծված ինֆրոստրուկտուրաները խաթարում, թունավորում և ոչնչացման եզրին են կանգնեցնում բնական էկոհամակարգերը և դրանց բնակիչներին: Շատ կարևոր է գիտակցել, որ միայն կայուն և ցիկլիկ մոդելների կիրառմամբ կկարողանանք ապրել ներդաշնակ բնության հետ և քաղել առավելագույնը մայր բնությունից: Հայաստանի հանրապետությունում ևս առկա են վերոնշյալ խնդիրները և դրանք հանդիսացան այն բազմաթիվ պատճառներից մեկը, որպեսզի NABU Հայաստանյան մասնաճյուղը Գիշանգղի տարվան զուգընթաց սկսի իրականացնել այս յուրօրինակ թռչունների բնադրման առանձնահատկությունների ուսումնասիրություն: Աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար տեղադրվեց առցանց տեսախցիկ Գիշանգղների բնադրող զույգերից մեկի բնի վրա, ինչը թույլ է տալիս հեևել և ուսումնասիրել նրանց բնադրման վարքագիծը: Նախագիծը նաև թույլ է տալիս բոլոր ցանկացողներին օրվա ցանկացած ժամի հետևել թռչունների առօրյային, կատարել փոքրիկ անձնական բացահայտումներ նրանց մասին և ավելի մոտ լինել բնությանը, քանի որ բնությունը սիրելու և պահպանելու համար անհրաժեշտ է ճանաչել այն: