«Դիլիջան» ազգային պարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Օրերս Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էր։ Նախարարի պաշտոնակատարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ազգային պարկի նախկին տնօրեն Ադամ Պողոսյանին համատեղ աշխատանքի համար։

Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է պետական վերահսկողության այն բացերը, որոնց արդյունքում օրինազանց տնտեսվարողները «բնության հաշվին հարստանում են», խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնց արդյունքները գոհացուցիչ չեն, և այդ ուղղություններում նշանակալի առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։

«Պարոն Խլոյանի առաջ խնդիր է դրված բարձրացնել տեղամասերում իրականացվող վերահսկողության և պահպանության որակը, բացահայտել բոլոր այն զարտուղի ճանապարհներն ու հանցավոր կապերը, որոնցով անտառներից փայտանյութ է դուրս բերվում։Հետպատերազմյան վերականգնման շրջափուլում գտնվող պետությունից գողացողը մեր անձնական թշնամին է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
Առաջնային լուծում պահանջող խնդիրներից են՝ «Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումների, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքի, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանման նկատմամբ խիստ վերահսկողության սահմանում, Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների կանոնակարգում և վարձակալության պայմանագրերի վերանայում, Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի խստիվ պահպանմում: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը:

Նախարարի պաշոնակատար Պետրոսյանն անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը, ապա պատասխանել է պահաբաժինների ղեկավարներին հուզող հարցերին։Դաշտը կկարգավորվի օրենսդրական նորմերով։

Հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին առաջիկա աշխատանքում և հաշվի առնելով պարոն Խլոյանի աշխատանքային փորձը ազգային պարկի կառավարման ոլորտում, նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ այն լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունության արդյունավետության բարձրացմանը։

Հիշեցնենք, որ 2020թ․–ի հուլիս ամսին նույն Արա Խլոյանը նշանակվել էր «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում