Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումները 40 %-ով կկրճատվեն

Ապրիլի 22-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)։

2019 թ. Մադրիդում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 25-րդ համաժողովում (COP25), երկրները հայտարարեցին Փարիզյան համաձայնագրի ներքո համատեղ հավակնությունների ընդլայնման անհրաժեշտության մասին: Սույն փաստաթղթով Կառավարությունը հռչակում է իր հանձնառությունը մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 %-ով նվազեցնելու մասին։

ՀՀ կառավարությունը դեռևս 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել էր իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները, որը 2017թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ դարձավ Հայաստանի առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2015-2050թթ. ժամանակահատվածի համար։

Վերանայված՝ 2021-2030թթ․ ԱՍԳ-ով Հայաստանը ներդաշնակեցնում է ԱՍԳ ժամկետ-ները երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների համար սահմանված ժամկետներին՝ սահմանելով 10-ամյա ժամանակահատված:

Վերանայված ԱՍԳ-ն սահմանում է նաև այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն գործողություններ ցածր-ածխածնային զարգացման ապահովման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ։ Այն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում:

Փաստաթղթի կարևոր բաղադրիչ է նաև թափանցիկության ընդլայնված շրջանակը, որով կապահովվի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի հանձնառությունների իրագործման առաջընթացի հաշվետվողականությունը։ Փաստաթղթի մշակման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն աջակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրը

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում