«Դիլիջան» ազգային պարկում ծառերի գողությունը շարունակվում է (ֆոտո)
«Բնապահպանի տուն» նախաձեռնությունն ահազանգել է՝ գրելով․ ««Դիլիջան» ազգային պարկում ծառերի գողությունը շարունակվում է։ Կոնկրետ այս ծառերը կտրվել են Կոմպոզիտորների Տնից ոչ հեռու։ Սա արդեն այս շաբաթվա մեջ որերորդ դեպքն է։ Ոչ մեր բացահայտումները, ոչ էլ հարուցված քրեական գործերը չեն ստիպում ազգային պարկի աշխատակազմին շարժվել ու մարդավարի գործ անել։ Եթե որոշները այնտեղ չեն էլ կարողանում գործ անել, ուրեմն թող դիմումները գրեն ու ռադները քաշեն։ Բայց իհարկե նման բան չեն անի, որովհետև ըստ լոգիկայի ու տեղացիներից ստացած ինֆորմացիայի հենց ներսից էլ ծառերի բիզնես են անում։ Դրա համար էլ թքած ունեն մասնագիտական ինքնասիրության ու հայրենի բնության վրա»։
Ահազանգին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարությունը, որը հայտնել է, որ 2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1,375,205 ՀՀ դրամ։
Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ Դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
Հայտարարությամբ նաև ասվում է․ «ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։