«Էս տղեն մի պարզ, աշխատասեր գյուղացի տղա էր»․ ճանաչվել է նաև Գնդեվազի Գարոյի մարմինը

Օրերս հայտնի է դարձել, որ Գնդեվազ գյուղի բնակիչ, Ամուլսարի պահապան Գարիկ Հարությունյանը ևս հերոսաբար զոհվել է Արցախի համար պատերազմում։ Հարզատները և գաղափարակից ընկերները բազմաթիվ գրառումներ են արել ուղղված Գարիկի հիշատակին։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ 

Գնդեվազի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Չգիտեմ ինչ գրել, բառերը քարանում են, հարազատ, երանի հնարավոր լիներ ժամանակի կառավարման վահանակ ունենալ ու բոլոր զոհվածներին հետ բերել...

Հոգուդ հանգստություն եղբայր, քեզ հիշելու ենք հեռուն նայող հայացքով, ազնիվ,մաքուր, պարզ, շիտակ...»։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հիմնադիր անդամ Գեղամ Օհանյանը ևս կիսվել է․ «Էսօր էլի տխուրա, ու չգիտեմ արդեն տխրությունն է դարձել մեր անբաժանելի ընկերը, թե մենք տխրության։

Երեկ ճանաչվել է մեր Գնդեվազի Գարոյի մարմինը...

Էս տղեն մի պարզ, աշխատասեր գյուղացի տղա էր, բայց էտ պարզության մեջ էնքան ուժ ու զորություն կար, որ մարդը ելել էր իր սարն էր պահում։ Ամուլսարի պահապաններից էր Գարոն ու հենց Ամուլսարն էր մեր ծանոթության առիթը։

Ամեն անգամ Ջերմուկ գնալուց զանգում էի Գարոյին, մինչև հասնում էի Գնդեվազի պոստ, գյուղական համեստ բայց աննկարագրելի համով սեղանը գցում էր։

Ասում էի, այ տղա էլի դու ես ծախս տեսել, թող մենք էլ մի բան անենք։

Ասում էր, որ գամ Էրևան ինձ սոված ես թողալու?

Եթե գիշերը մնում էի Ամուլսարի դիրքում, ապա Գարոն անպայման ինձ հետ պիտի հերթապահեր, որ ամբողջ գիշեր խոսինք, ասում էր մի աղջիկ ճարի պսակվեմ, ասում էի դու պիտի քեզ աղջիկ ճարես...

Էնքան բան կա պատմելու էս պարզ ու միամիտ տղուց: էս երկաթյա մրջյունն էլ ինքն է նվիրել ինձ, բացի գյուղի գործերից նաև զոդող էր մասնագիտությամբ։

Կռիվը իրեն տարավ սահման ու հավերժ թողեց այնտեղ՝ բարձունքներում։

Գարո ջան, էսքան ցավը պիտի գայի քեզ հետ կիսեի, գիշերը չքնեինք, թեթևանայինք, բայց դու էլ մենակ թողեցիր եղբայր, էսքան ցավի հետ միասին։

Բարով գնաս հարազատ մարդ, սարդ կպահենք...»։ 

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ևս անդրադարձել է ցավալի կորստին՝ գրելով․ «Հաստատվեց նաև Ամուլսարի պահապան Գարիկ Հարությունյանի՝ պատերազմում զոհվելու փաստը (նկարի կենտրոնում, սև շապիկով): Խոսքեր չկան արտահայտելու մեր վիշտը. խորապես ցավակցում ենք Գարիկի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Մենք քեզ միշտ կհիշենք՝ մեծ սրտով, ջերմ հումորով, անմիջական ու անկեղծ, աշխատասեր ու նվիրված մեր ընկեր»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրությունը խորը վշտով ցավակցություններ է հայտնում զոհված Գարիկ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում