Հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ՝ Վանաձորում․ ահազանգում է «Բնապահպանի տունը» (ֆոտո)
«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները շարունակում են ահազանգել ՀՀտարածքում արձանագրվող ապօրինի անտառհատումների մասին։ Նախաձեռնությունը հայտնում է․ «Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ... Ճանապարհի ամբողջ երկայնքով հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ են։ Միայն ճանապարհի կողքին հաշվել ենք մոտավոր 100 հատ կտրված ծառ։
Չփորձեք սա ներկայացնել որպես սանիտարական մաքրումներ ու հատումներ։ Կտրել են նույնիսկ հենց ճանապարհի բերանի հողաշերտը սողանքից ու քարաթափումից պահող ծառերը։ Կտրել են հիմնականում ամենահաստ, սլացիկ ու երկար բույն ունեցող ծառերը, որոնք հարմար են կահույքի փայտանյութի համար»։
Նախաձեռնության անդամները պահանջում են Վանաձորի անտառտնտեսությունից և այլ պետական կառույցներից հանրությանը ներկայացնել, թե «ու՞ր ու ինչ նպատակով են օգտագործվել ու ու՞մ են վաճառվել այս ծառերը։ Եվ իհարկե ի՞նչ ծիծաղելի գներով։ Մենք առաջին անգամը չի, որ այսպիսի խաղերի ենք հանդիպում»։
Ընդգծենք, որ 2020թ․–ի աշնանը Արցախում տեղի ունեցող լայնածավալ պատերազմի ֆոնին թե Արցախում, թե Հայաստանում նկատվել է ապօրինի ծառահատումների ծավալի աճ։ Այս մասին հայտնել է նաև ՇՄ նախարարությունը։ ՀՀ տարածքում ապօրինի ծառահատումների խնդիրը շարունակում է չլուծված մնալ վերահսկողության ոչ բավարար մակարդակի և այլ համակարգային խնդիրների հետևանքով։