Հայաստանի անտառներում նախատեսվում է անտառկառավարման նոր մոդել ներդնել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։
Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում կատարած աշխատանքի համար։
Օրակարգային հարցերի քննարկումը մեկնարկել է հետպատերազմական այս փուլում առկա իրավիճակի, անտառների կառավարման և հրատապ լուծումների կարիք ունեցող խնդիրների անդրադարձից։ Նախարարը ներկայացրել է անտառտնտեսությունների ոլորտում բարեփոխումների և անտառկառավարման իր տեսլականը, քննարկվել են հետագա համատեղ փոխգործակցության առաջնահերթությունները և այն հարթությունը, որի մեջ մտադիր են արդյունքներ գրանցել։
Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։ Նախարարն անդրադարձել է անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։ Քննարկվել է անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում։
Նախարարը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը, որի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է արդեն 2021 թվականի սկզբին։ Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային էտը, կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես պետական կառավարման ինստիտուտի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով, տնտեսվարմամբ, և այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ներ, կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։ Նախարարը գործընկերներին ներկայացրել է, որ այժմ փոխնախարարը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների, մասնավորապես Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև անտառների պահպանման կարևորագույն բաղադրիչին։ Նախարարը խոսել է ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրել այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։ Այդ ուղղությամբ արդեն գործուն քայլեր են արվում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորել է նաև պաշտպանության նախարարության կարիքների համար հատկացվող փայտանյութի առանձնացման հարցը, առաջարկելով՝ հատուկ պիտակով նշել այն, որպեսզի ապօրինի անտառհատները զարտուղի ճանապարհներով չփորձեն խուսափել պատասխանատվությունից։
«Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տարածաշրջանի անտառկառավարման խնդիրները, կառուցողական քննարկումների արդյունքում ուրվագծվել են դրանց լուծումների հեռանկարները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Անտառային օրենսգրում նախատեսվող փոփոխությունների փաթեթը և խնդրել գործընկերներին հանդես գալ առաջարկներով։ Ամփոփելով հանդիպումը, նախարարը ներկայացրել է բոլոր բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում ու զարգացում և հորդորել գործընկերներին առավելագույն ջանք ներդնել այս միասնական գաղափարի կայացման գործում` բացառապես hանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։