«Հեռու մնա՛»․ Երևանում մոդելն «առյուծի զոհ դառնալու ճանապարհին» (տեսանյութ)
Հրապարակումը պատրաստվել է մինչև սեպտեմբերի 27-ը։
Հայաստանում վայրի տեսակների կենդանիները շարունակում են խաղալիք մնալ մարդկանց, հատկապես՝ «երիտասարդ աղջիկների» ձեռքերում։ Թերևս օրեցօր հասարակության շրջանում նկատելի են դառնում նաև որոշակի վերաբերմունքի փոփոխություններ դեպի բնությունը և կենդանական աշխարհը, այնուամենայնիվ դեռ կան մարդիկ, որոնց համար կենդանին հանդիսանում է զվարճանքի միջոց։
2020թ․–ի սեպտեմբեր ամսին համացանց է բեռնվել տեսանյութ, որտեղ առյուծի ձագը կրկին ազատորեն շրջում է Երևանի փողոցներում։ Տոմա անունով հաղորդավարուհին՝ տեսանյութը բեռնելով համացանց, այսպես է այն մեկնաբանել․ «խնդալու կլիներ, որ Երևանում առյուծի զոհ դառնայի»։
Համադրելով փաստերը՝ պարզ է դառնում, որ խոսքը գնում է «Կերամա Մարացցի» («Լիա կաֆ» ՍՊԸ) համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանին «պատկանող» առյուծի ձագի մասին է։ Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը դեռևս 2019թ․–ի հունից ամսից ահազանգում է դեպքի մասին։
2019թ․–ին հնչեցված ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նշված տարածքում չեն հայտնաբերել առյուծին։ Ոստիկանությունը ևս նշված տարածքում առյուծին չի հայտնաբերել, ինչը բնական է համացանցում և ԶԼՄ կողմից բարձրացված աղմուկից հետո, սակայն, ո՛չ ՀՀ ոստիկանությանը, ո՛չ ԲԸՏՄ չի հետաքրքրել, թե ի վերջո որտե՞ղ է կենդանին, ավելին ԲԸՏՄ շտապել է կարճել հարուցված վարչական վարույթը:
Մինչ այժմ պարբերաբար համացանցում հայտնվում են տեսանյութեր նշված առյուծի մասնակցությամբ, որն ազատ զբոսնում է Երևանի փողոցներում։ Ավելին, վերջին տեսանյութում կենդանին մռնչում և շարժվում է աղջկա ուղղությամբ, ինչին հաջորդում է տղամարդու՝ «հեռու մնա՛» բացականչությունը։
Այսօր, կենդանին դեռևս փոքր է՝ 1-2 տարեկան և նրա պատճառած վնասվածքը մարդու համար կարող է թեթև լինել, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է սպասվում որոշ ժամանակ անց, երբ կենդանին չափազանց վտանգավոր կդառնա հասարակության համար։ Արդյո՞ք «Կերամա Մարացցի»–ի համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանը նույն «հեռու մնա՛» բացականչությամբ կկարողանա խուսափել վտանգից։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մեկ անգամ ահազանգում է հնարավոր վտանգի մասին՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինների ոչ պատասխանատու վերաբերմունքը խնդրի առնչությամբ կարող է աղետաբեր լինել։