Մղարթի ոսկու հանքավայրի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները: 

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացվել փորձաքննության:

Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել է լրակազմման։ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար:

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաև տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ:

Այսպիսով, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ Ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարին։

Ուղարկված գրությամբ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում