Արտյոմ Վարդանյանը «ներողություն կխնդրի» նախկին նախարարից․ դատական գործն ավարտվել է
Օրերս ավարտվել է Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գորիգորյանի և «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի միջև ընթացող դատական գործընթացը։
Հիշեցնենք, որ 2019թ․-ի հունիս ամսին Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արտյոմ Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով։ Ընդգծենք, որ «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը կապիկների առևտրի գործով 2016թ.-ին աղմկահարույց պատմության կիզակետում է հայտնվել. Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալվեցին եղբայրներ, 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Վերջիններս մեղադրվել են նաև տնտեսական սաբոտաժի մեջ: Արտյոմ Վարդանյանը պատմել էր, որ այդ կապիկները իրեն չեն պատկանել, այլ իր ընկեր, «Զօօ ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանինն են եղել: Ինքն ընդամենը փորձել է օգտակար լինել և օգնել տեղափոխման հարցում: Եղբայրները բանտում որոշակի ժամանակահատված անցկացնելուց հետո ազատ են արձակվել:
Դատական ակտով ասվում է․ «․․․նույն թվականի մայիսի 03-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը այն մասին, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:
Վերը նշված հրապարակային արտահայտությունից հետո NEWS.am-ի հետ զրույցում «Զամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն ասել է, որ ինքը լսել է նման խոսակցություններ իր ընկերներից, և չի պնդել, որ նման բան կա, այլ ասել է` կան լուրեր, որ Կենդանաբանական այգու տնօրենին աջակցում է Բնապահպանության նախարարը. «Կրկին պնդում եմ, որ նման խոսակցություններ կան: Բայց ես չեմ պնդել, որ դա այդպես է: Ինձ ընկերներս ցույց են տվել լուսանկարներ, որտեղ նախարար էրիկ Գրիգորյանը Ռուբեն Խաչատրյանի հետ հեծանիվ է քշում: Ասել են, որ իրենք ընկերներ են: Ինձ ասում են, որ Կենդանաբանական այգու տնօրենին ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ իր մեջքին այլ մարդիկ կան կանգնած: Ես չեմ ունեցել նպատակ զրպարտելու նախարարին, իմ խնդիրը Կենդանաբանական այգու տնօրենի հետ է: Ես միայն գիտեմ, որ նման խոսակցություններ կան»,֊ ասել է Արտյոմ Վարդանյանը, և նշել, որ շատ ուրախ է, որ նախարարը հերքում է այդ խոսակցությունները, «Ինչ վերաբերում է դատի տալուն` ես մի գրամ անգամ դատարանից չեմ վախենում, քանի որ չեմ վիրավորել, ու կեղծ պնդումներ չեմ արել», հավելել է «Զամբո» պարկի հիմնադիրը:
Պատասխանողի կողմից արված հրապարակային արտահայտությունների պատճառով արատավորվել է հայցվորի գործարար համբավը և արժանապատվությունը, քանի որ վերջինս, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, մշտապես գործել է բարեխղճորեն և պատասխանողի կողմից արված արտահայտությունները առ այն, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» որևէ աղերս չունեն իրականության հետ:
Նշվածի հիման վրա գտնում են, որ պատասխանողի կողմից կատարվածը զրպարտություն է, որը ենթակա է օրենքով սահմանված կարգով հերքման և նաև ոչ գույքային վնասի փոխհատուցման:
Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ, 42-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 1087.1-րդ, 345-րդ, 423-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածները` դատարանից խնդրել է պարտավորեցնել պատասխանող Արտյոմ Վարդանյանին հրապարակային հերքել Tert.am ինտերնետայի կայքում 03.05.2019 թվականին հրապարակված «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» հոդվածում տեղ գտած հրապարակային արտահայտությունները հետևյալ կերպ` «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» հոդվածում տեղ գտած հրապարակային արտահայտությունները չի համապատասխանում և զրպարտություն է: Հայցել Էրիկ Գրիգորյանի ներողությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համր: Հերքման տեքստի հրապարակման տարատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը, ինչ հրապարակված 03.05.2019 թվականին:
Խնդրել է նաև պատասխանող Արտյոմ Վարդանյանից հօգուտ Էրիկ Գրիգորյանի բռնագանձել 2,000,000.00 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում»:
Այսպիսով, 2020թ․-ի օգոստոս ամսին դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ ընթացքող դատական գործի վճռով ասվում է․ «Էրիկ Էմիլի Գրիգորյանի հայցն ընդդեմ Արտյոմ Ալեկի Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին, բավարարել մասնակի:
Էրիկ Էմիլի Գրիգորյանի հայցն ընդդեմ Արտյոմ Ալեկի Վարդանյանի՝ 1,800,000․00 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին մերժել:
Պատասխանող Արտյոմ Ալեկի Վարդանյանին պարտավորեցնել «Tert.am» կայքում հերքել Էրիկ Էմիլի Գրիգորյանի վերաբերյալ արտահայտված իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները: Հերքման տեքստը սահմանել հետևյալ կերպ.
««Tert.am» կայքում 01.05.2019 թվականին` «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է Բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» վերնագրով հրապարակված նյութը «Կենդանաբանական այգու տնօրենը նոր հովանավորներ է գտել, այդ իսկ պատճառով հրաժարական չի տալիս, իր արարքների համար պատասխանատվություն չի կրում, որ Բնապահպանության ներկա նախարարն է իր մեջքին կանգնած, իր մոտ ինչ որ բիզնես ունի» փաստացի տվյալը չի համապատասխանում իրականությանը»:
Պատասխանող Արտյոմ Վարդանյանից հօգուտ հայցվոր Էրիկ Գրիգորյանի բռնագանձել 200,000.00 ՀՀ դրամ` որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Պատասխանող Արտյոմ Վարդանյանից հօգուտ Էրիկ Գրիգորյանի բռնագանձել 8,000.00 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Պատասխանող Արտյոմ Վարդանյանից հօգուտ Էրիկ Գրիգորյանի բռնագանձել 150,000.00 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»։
«Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ վարդանյանը և «Զօօ ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանը մինչ այժմ շարունակում են կենդանիների բիզնեսով զբաղվել և օգտագործել կենդանիներին որպես զվարճանքի միջոց: