Գիտե՞ք՝ ինչ են անում հանքերը՝ ամենախորքային իմաստով․․․
Գիտե՞ք՝ ինչ են անում հանքերը՝ ամենախորքային իմաստով։ Դրանք ջնջում են կյանք խորհրդանշող լեզվական կոդերը։ Դրանք սպանում են կյանք նշանակող ամեն ինչ։
Մի հատ տեսեք՝ ինչ տեղանուններ ունենք Հայաստանում․
Արծվանիկ (արծիվների ապրելավայր)
Գեղանուշ (գեղեցիկ ու անուշ)
Դաստակերտ (ձեռակերտ, ձեռքով շինված)
Լիճք (լճերով/ջրվեժներով հարուստ բնակավայր)
Թեղուտ (թեղիների անտառ (թեղի՝ ծառի տեսակ))
Ագարակ (վարելադաշտ, հանդ)
Ողջի (ողջություն, կյանք)
Քաջարան (Քաջերի ոստան՝ տուն)
Այս և շատ այլ տեղանուններ, որ նշանակել են Կյանք, Սեր, Աշխատանք, Հավերժություն․․․ դրանք այլևս նշանակում են թունավոր պոչամբար ու հանք՝ Քաջարանի հանք․․․ Գեղանուշի պոչամբար․․․ Թեղուտի հանք․․․
Հանքարդյունաբերությունը ջնջում է լեզվական կոդերը։ Այն քեզ շպրտում է երկու քոռ կոպեկ ու խլում է ապրելու քո շանսը։ Քո վաղվա օրը։ Այն միայն մահ է սփռում։ Հանքարդյունաբերությունը քեզ ոչնչացնում է այնպես, որ ոտքի կանգնելն այլևս (գրեթե) անհնար է․․․ Ճիշտ և ճիշտ Ցեղասպանության նման․․․
Ի՞նչ անել։
Հանքարդյունաբերությունից ստացված յուրաքանչյուր կոպեկը պետք է ծառայի պետության ու ժողովրդի բարգավաճմանը:
Հանքարդյունաբերության ոլորտում պետք է լինի վերջնաժամկետ, թե երբ ենք նվազագույնի՛ հասցնելու հանքերի շահագործումը և երբ ենք իսպառ հրաժարվելու դրանից։ Առանց այդ ռազմավարական պլանի և առանց այդ վերջնաժամկետների սահմանման՝ ՈՉ ՄԻ ՆՈՐ հանք Հայաստանում։
#Saved_Amulsar
Նկարում Արծվանիկի պոչամբարն է։ Այն լցված է ավելի քան 300 ՄԻԼԻՈՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ թունավոր պոչանքով։
Աննա Աղլամազյանի ֆեյսբուքյան էջից:
Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման: