Կառավարությունն ընդերքօգտագործման համար սահմանում է նոր կանոններ
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծերը միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելուն: «Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարևոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, տարածքը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել: Նման դեպքերն այս նախագծով կբացառվեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: «Սա արվում է այն նպատակով, որ ցանկացած գործարար, որը իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի ՀՀ-ում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են 50-ական թվականներին»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:
Նախագծով նախատեսվում է նաև իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետ կսահմանվի 15 տարին: Կհստակեցվեն նաև ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները:
Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է հստակեցնել ընդերքօգտագործման իրավունք կրող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունները, հստակեցնել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները, կարգավորել հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման և արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները, Սահմանել երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին և օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջները և այլն: