Ուշադրություն․ խուսափե՛ք Նորաշեն համայնքի նշված տարածքներ մուտք գործելուց

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ազգային պարկի տարածքում գտնվող, Նորաշեն համայնքին հարակից հատվածի «Նորաշենի» արգելոցը ստեղծվել է տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական որորի, որպես Հայկական բարձրավանդակի էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման նպատակով, իսկ արգելոցին կից «Նորաշենի» արգելավայրը ստեղծվել է արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովման նպատակով:

Նախարարությունը կոչ է անում զերծ մնալ տվյալ տարածքներ մուտք գործելուց՝ այդպիսով ապահովելով արգելոցի և արգելավայրի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ռեժիմների անխաթար գործունեությունը:

Հիշեցնենք, որ հայկական որոր (Larus armenicus) տեսակը բնութագրվում է սահմանափակ արեալով և հեշտ խոցելի բնադրավայրային բիոտոպերով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii): Ամբողջ տարվա ընթացքում հանդիպում է Սևանա լճի ավազանում, գտնվում է հիմնական գաղութը: Բնադրում է նաև Արփի լճի կղզիներում: Հանդիպում է գգ. Արաքսի, Հրազդանի և Ախուրյանի հունի երկայնքով: Վերջին տարիներին` հանդիպում է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսություններում: Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրել է ջրաեզրին մոտ: Լճի մակարդակի իջեցումից հետո բնադրում են գ. Նորաշենի մոտակայքում առաջացած երկու կղզյակներում:

Թվաքանակը խիստ անկայուն է և որոշվում է բնադրման և կերային առկա պայմաններով: Միջինացված տվյալների համաձայն` գարնանն այս տեղ հանդիպում է 800, ամռանը` 700, աշնանը` 1000, ձմռանը` 500 առանձնյակ: Սևանա լճի սառեցման դեպքում որորների հիմնական մասը չվում է գ. Արաքսի հովիտ: Ըստ ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների՝ վտանգման հիմնական գործոնները: Բնադրավայրերի ոչնչացումը: Մարդու կողմից պատճառվող անհանգստությունը և որորների ուղղակի ոչնչացումը: Բնադրման պայմանների և կերային բազայի վատթարացումը:

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը նաև ընդգծել է․ «Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով տեղի ունենում երկու կղզիների մասնակի հեղեղում, որոնք Հայկական որորի հիմնական բնադրատեղին են հանդիսանում։ Արդյունքում, փոքրանում է բների կառուցմանը հարմար մակերեսը, ինչը ստիպում է որորներին բնադրել կղզիներին հարող լճափերին։

Կղզուց դուրս բնդրելը` այցելուների, վայրի և ընտանի կենդնաիների պատճառով, առաջ է բերում ձվերի ոչնչացման, իսկ Հայկական որորը հանդիսանում է Կարմիր գրքային տեսակ»։

Լուսանկարները՝ ՇՄՆ և Մամիկոն Ղասաբյանի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում