«Կրկեսի տնօրինությունը պատրաստ է հաշվի առնել հանրության կարծիքը»․ զրույց «առանց կենդանիների» կրկեսի մասին
«Պատկանում է բնությանը»․ այսպիսին է ՀՀ-ում մեկնարկած կրկեսն առանց կենդանիների ստորագրահավաքի կարգախոսը։ Ստորագրահավաքի ուղերձով ասվում է․ «Այս պահին կա բացառիկ հնարավորություն օրենսդրական մակարդակում արգելելու կենդանիների շահագործումը մարդկանց զվարճանքի կամ միայն բիզնես շահույթ ստանալու նպատակով, որովհետև փոփոխության է ենթարկվում «Կենդանական աշխարհի» մասին ՀՀ օրենքը»: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկի՝ էկոլոգ, տ․գ․թ․ Արևիկ Մկրտչյանի հետ։
- Ի՞նչը դրդեց սկսել և իրականացնել նման ստորագրահավաք։
Այս պահին փոփոխության է ենթարկվում ՀՀ օրենքը «Կենդանական աշխարհի մասին», և Շրջակա միջավայրի նախարարությունը ոլորտի մասնագետներից կարծիքներ և առաջարկներ է հավաքագրում՝ Հայաստանում անազատության մեջ պահվող կենդանիների խնդիրը վերջնականապես կանոնակարգելու նպատակով:
Քանի որ երևանյան կրկեսը վերանորոգումից հետո պատրաստվում է բացման, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախատեսվում է նաև Ռուսաստանի Դաշնությունից կենդանիներ ներմուծել, ես ու Արսեն Գասպարյանը որոշեցինք, բացի արդեն ներկայացրած գիտական տվյալներից, որ փաստում են կենդանիների մասնակցությամբ համարների բացասական կողմերը, օրենսդիրներին ու գործադիրներին ներկայացնել նաև հանրային վերաբերմունքը, որպեսզի նախարարությունը որոշումներ կայացնի փաստացի հավաքագրված տվյալների վրա և տեսնի հասարակության մոտեցումը։
- Ինչպե՞ս կգնահատենք հասարակության ակտիվությունը, արդյո՞ք բոլորը ընկալում են նախաձեռնության կարևորությունը։
Անկեղծ ասած զարմացած էի հատկապես առաջին օրերի ակտիվությունից և առավելապես երիտասարդ սերնդի ներգրավվածությունից՝ օրական 1000 ստորագրություն, լայն տարածում տարբեր խմբերում, ակտիվ քննարկումներ՝ բոլորը մեկ պահանջով՝ կենդանիներ կրկեսում չպե՛տք է լինեն:
Կարծում եմ, որ ձայների քանակը խոսուն վկան է հանրության արձագանքի՝ արդեն 5000 ստորագրություն, այն էլ կորոնավիրուսով և քաղաքականությամբ լեցուն օրերին, իսկ ստորագրահավաքին միացել են Գարիկ Պապոյանը, Միքայել և Լուսինե Ոսկանյանները, Արուսիկ Մկրտչյանը, Օվսաննա Հովսեփյանը և այլ հայտնի կենդանապաշտպաններ:
Մենք պիտի գիտակցենք, որ վայրի կենդանիները խաղալիքներ չեն, իսկ պատասխանատու վերաբերմունքը պիտի խրախուսվի առաջին հերթին պետական մակարդակում ու դառնա պետական քաղաքականության անբաժանելի մաս: Սա առաջին հերթին մեր մշակույթի ցուցիչն է:
- Տեղեկություն ունեք՝ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ ՀՀ կառավարությունը, հնարավոր է ստորագրահավաքը նաև իրավական հետևանքներ ունենա։
Օրենքները պիտի լինեն գիտահեն, իսկ ՀՀ կառավարությունը պիտի ունենա փաստացի տվյալներ, որի վրա կարող է հիմնվել, և դրա ոչ պակաս կարևոր բաղադրիչը հանրային արձագանքն է: Կարծում եմ, որ հանրային արձագանքը, մեր ներկայացրած գիտական ուսումնասիրությունները, հոդվածները ու միջազգային փորձի վկայակոչումը բավարար և անհրաժեշտ պայմաններ են օրենքի փոփոխությունների համար: Այսօր չկա գեթ մեկ անձ, որ հակափաստարկներ կբերի:
Օրենքի ընդունումից հետո Հայաստանի վարկանիշը կբարձրանա բոլոր միջազգային հարթակներում, քանի որ կենդանիների նկատմամբ վերաբերմունքը քաղաքակրթության և հումանիզմի կարևոր ցուցիչն է, այն դեպքում երբ ՀՀ-ում առ այսօր չկա կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող նախագիծ: Այս հարցը չպիտի սահմանափակվի միայն կրկեսում կենդանիների շահագործման արգելքով, այլ պիտի տարածվի առհասարակ վայրի կենդանիներ պահելու նորմերի վրա: Կենդանական աշխարհը ՀՀ ազգային հարստությունն է, և որևէ մեկը իրավասություն չունի կենդանուն ազատությունից զրկելու:
- Ինչպես մյուս ոլորտներում, անազատ պայմաններում պահվող կենդանիների և կենդանիներին որպես զվարճանքի միջոց օգտագործելու դեպքում էլ ՀՀ-ը կարծես որդեգրել է ՌԴ փորձը, որը մեղմ ասած լավագույնը չէ։ Ի՞նչ եք կարծում, կհաջողվի արդյո՞ք մեզ խուսափել ռուսական կրկեսի քայլերը կրկնելուց, հատկապես այն պարագայում, երբ հայաստանյան կրկեսի շենքի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար է։
Ռուսաստանի տասնյակ տարիների «փորձը» այսօր գլխացավանք է դարձել պատկան մարմինների համար, այս պատճառով ՌԴ Կառավարությունը նույնպես շրջանառության մեջ է դրել ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ, որ հաշվի կառնի կենդանու պահման, խնամքի, բարեկեցության նորմերը ու կբացառի դաժանությունը, սակայն տարիների բացն իրեն զգացնել է տալիս՝ ոլորտը կանոնակարգելը խիստ դժվարացել է:
Հիմնվելով հենց այս դառը փորձի վրա՝ զարգացած երկրները՝ Ավստրիան, Շոտլանդիան, Իռլանդիան, Անգլիան և նույնիսկ հարևան Իրանը, ընդհանուր թվով 100 երկիր արգելել են վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում, ինչից սակայն կրկեսային համարները չեն տուժել, եկամուտն էլ չի նվազել: Ինովացիոն տեխնոլոգիաները և ստեղծարար բեմականացումները 21-րդ դարում այդ հնարավորությունը լիարժեք ընձեռում են:
Հայաստանում չկա ոլորտը կանոնակարգող օրենսդրություն և նույնիսկ կենդանիների նկատամբ դաժան վերաբերմունքի հոդվածը չի կիրառվում, ինչը ենթադրում է, որ որևէ պատկան մարմին չի ստանձնելու կենդանիների բարեկեցության վերահսկողության պատասխանատվությունը, հետևաբար հույս ունենք, որ դա կարվի հանրության արձագանքի շնորհիվ:
Կենդանիները ծաղրածուներ չեն և չպիտի շահագործվեն շահույթ ստանալու համար:
- Ըստ Ձեր տեղեկատվության՝ ի՞նչ կապ կարող է ունենալ կրկեսում կենդանիների շահագործումը ՀՀ-ը որպես կենդանիների առևտրի տրանզիտ զոնա հանդիսանալու հետ։
Երևանյան կրկեսի մասով ոչինչ չեմ կարող ասել, սակայն տեղեկություն ունենք, որ շրջիկ կրկեսների գրեթե բոլոր կենդանիները գնվել են անհատներից, մասնավոր ու պետական կենդանաբանական այգիներից: Այսպիսի իրավիճակ էր նաև այն երկրներում, որոնք ներկայումս արգելել են այս պրակտիկան՝ կենդանաբանական այգիներն այսպես էին ազատվում ավելցուկային քանակով կենդանիներից, որոնց աննպատակ բուծում էին, իսկ հետագայում չէին էլ հետաքրքրվում այդ կենդանիների բարեկեցությամբ: Սա ամոթալի պրակտիկա է, որ պիտի արգելվի, այնպես ինչպես կենդանիների առքուվաճառքը և կենդանուն որպես գույքի վերաբերվելը
Ստորագրահավաքի ընթացքում հանդիպել եք արդյո՞ք դիմադրության կրկեսի ղեկավարության, արտիստների կամ հանդիսատեսի կողմից։
Ի ուրախություն մեզ միայն աջակցության և գովեստի խոսքեր ենք լսում, և նույնիսկ կրկեսի տնօրինությունը նշում է, որ պատրաստ են հաշվի առնել հանրության կարծիքը: Սա նշանակում է, որ բնապահպանական ոլորտում գրանցել ենք թեկուզ փոքր, բայց էական առաջընթաց, ինչը չի կարող չուրախացնել:
Ստորագրահավաքին միացեք հղումով՝ https://bit.ly/3ceWbA5։