Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարվել
Օրերս տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարել է սակավաջրություն՝ հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը: Որոշմամբ տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ այդ տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ և չափավորումներ, ինչպես նաև սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել Շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա: Արդյունքում՝ առավել արդյունավետ կօգտագործվեն սահմանափակ ջրային ռեսուրսները:
Կառավարությունն ընդունել է «2020 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում, որը հնարավորություն կտա աջակցել գյուղացիական տնտեսություններին և ապահովել գետերի վարարային ելքերի անվտանգ անցկացումը: Հիմնավորման համաձայն՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում ապրիլ ամսվա ընթացքում ձևավորվող հոսքերը մոտ կլինեն նորմային, ուստի որոշման ընդունումը հնարավորություն կտա «Ջրառ» ՓԲԸ-ին հեղեղումները կանխելու, գետերի վարարումներն անվտանգ անցկացնելու նպատակով այդ վարարումները բեռնաթափել մայր ջրանցքների միջոցով և ջրօգտագործողների ընկերություններին ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Միաժամանակ ջրօգտագործողների ընկերություններն էլ հնարավորություն կստանան իրենց մատակարարված՝ բացառապես ինքնահոս եղանակով ջուրը, ինչպես նաև վեգետացիայից առաջ հողատարածքներին խոնավալիցք հաղորդելու և աղակալված հողերի լվացում իրականացնելու նպատակով մատակարարվող ոռոգման ջուրը մինչև 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին (կախված ջրաղբյուրից և դրա ջրատվությունից` ընդամենը շուրջ 36 հազ հա հողատարածքների շուրջ 55 հազ ջրօգտագործողների) մատակարարել անհատույց:
Որոշման մեջ ասվում է․
«Հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Սահմանել Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) ըստ անհրաժեշտության կատարել ժամանակավոր փոփոխություններ սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների սահմանափակումների և չափավորումների ուղղությամբ` առաջնորդվելով ջրային օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման գերակայության սկզբունքներով.
2) Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում, հիդրոօդերևութաբանական վերլուծության արդյունքում, երաշտի նախապայմանների վերաբերյալ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ:
3. ՀՀ էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ջրօգտագործում իրականացնող տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդրած տնտեսությունների վերաբերյալ եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ձեռնարկել միջոցառումներ առավել մեծ թվով տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդնելու ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ:
4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ոռոգման նպատակով ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ արդյունքների մասին՝ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ»:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: