Շուտով ՀՀ-ում պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն

Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է 2022թ.-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումը, վաճառքը և իրացումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից արտադրվածների:

ՇՄ նախարարությունը զգուշացնում է նաև, որ պոլիէթիլենային տոպրակների մակերեսին տարաբնույթ վիրուսները կարող են պահպանվել և փոխանցվել 72 ժամվա ընթացքում։ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի այս շրջանում մեր համաքաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելուց և առևտրի համար հնարավորինս օգտվել բազմակի օգտագործման տոպրակներից և պարկերից։

ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն այս նախագծի մասին գրել է. «Մարտի 25-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երկար սպասված և կարևոր մի նախագիծ, որով արգելվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների (մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների) վաճառքը: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2022թ. հունվարի 1-ից: Հայաստանում առկա մոտ 1 մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն 1-2 պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Գիտական հետազոտությունները փաստում են, որ միկրոպլաստիկն առկա է ոչ միայն ջրային եւ հողային ռեսուրսներում, այլ նաեւ կենդանի օրգանիզմներում եւ սննդամթերքի մեջ: Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրեւի կաթիլների մեջ:

Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաեւ պոլիէթիլենային փաթեթներով եւ դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին եւ զբոսաշրջության վայրերին կից տարածքները:

Սպառողի վարքագծի փոփոխությունն էական նշանակություն ունի այս գործընթացում: Անկախ օրենսդրորեն ամրագրված սահմանափակումներից, մենք ինքներս կարող ենք սահմանափակել կամ առհասարակ հրաժարվել մեկանգամյա պլաստիկի գործածումից կենցաղում նախքան օրենքն ուժի մեջ մտնելը»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում