Ի՞նչ հեռանկարներ ունեն էլեկտրոմոբիլները Հայաստանում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ընդունել է ավտոտրանսպորտային միջոցների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող շուրջ 10 կազմակերպության ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են էլեկտրոմոբիլների ոլորտի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր։
Նախաձեռնությունը միտված է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների մեղմմանը և կանխարգելմանը, օդի աղտոտվածության նվազեցմանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, մեր երկրում միջազգային փորձի ներդրմանը, ինչպես նաև կանաչ տնտեսությանը և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի կիրառմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում էլեկտրոմոբիլների գործածության խթանման ուղղությունները, մասնավորապես՝ Հանրապետությունում էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, դրանց ներկրման հեռանկարներն ու օրենսդրական կարգավորումները:
Մասնակիցները ներկայացրել են ոլորտի կարգավորմանն ուղղված տեսլականները, ու զարգացման հեռանկարները։ Հավելենք, որ 2019 թվականի հուլիսի մեկից էլեկտրոմոբիլների, էլեկտրական շարժիչով մոպեդների ու մոտոցիկլետների ներմուծումը և իրացումը ազատվել է ԱԱՀ-ից: Արտոնությունը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: