«Լիդիան Արմենիա»-ին տրվել է Արփա գետից ջրառի թույլտվություն
Ամուլսարի հանքավայրը շահագործել նախատեսող ընկերությունը հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվություն ստանալու մասին: Հայտարարության մեջ ասվում է. ««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։
Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։
Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում»։
Հիշեցնենք, որ ընկերությունը 2019թ.-ի հոկտեմբեր ամսին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ՋԹ ստանալու համար, սակայն մերժվել էր: