«Դալմայի այգիների» թնջուկը. պատմական նշանակություն ունեցող համալիրն ավիրվում է

«Հենց այս պահին Դալմայի այգիների տարածքում՝ Դալմա մոլի հարևանությամբ, Ծիծեռնակաբերդի խճուղու հարող տարածքում «բուլդեզերով» ավիրվում է կանաչ զանգված, 20 տարվա հսկայական ծառեր»,- այս մասին ահազանգել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդեցին. «Դա մասնավոր ընկերության տարածք է, ոստիկանությունն էլ է տեղյակ ու տեղում համոզվել են, որ սեփականության իրավունք ունի»: 

Ըստ նույն աղբյուրի՝ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Սահակյանշին» ՓԲԸ-ին: 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, սակայն, հաղորդեցին, որ Մալաթիայի բաժնում ծառահատման հետ կապված ահազանգ կամ հաղորդում չի ստացվել:

Պարզվում է, սակայն, որ խնդիրը խորքային է և ունի նախապատմություն: «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ կողմից «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում ընդհանրապես նշված տարածքների սեփականության իրավունքով ինչ-որ մեկին պատկանելու, ինչպես նաև տարիներ առաջ իրականացված սեփականաշնորհման գործընթացի իրավաչափ լինելը: 

Մարի Չաքրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև 1991թ․-ը այդ տարածքում եղել են կոլտնտեսություններ, հետո ամբողջ երկրում հողերը սեփականության իրավունքով տրվել են կոլտնտեսականներին, բացառությամբ՝ Դալմայի այգիների տարածքում գործող կոլտնտեսությունների հողերը, որոնք կոլտնտեսականներին են տրվել վարձակալական հիմունքներով։ Այնուհետև՝ մոտ 2003-2004թթ.-ին Քաղաքապետարանը որոշում է կայացրել նշված տարածքները վաճառել և դրանք այս պահին սեփականության իրավունքով պատկանում են այլ մարդկանց: 

Վերջինս նշեց, քանի որ Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային կոթողներով հարուստ յուրօրինակ համալիր է, դեռ անկախացումից հետո որոշում է կայացվել նշված տարածքները տրամադրել վարձակալությամբ, ոչ թե՝ սեփականության իրավունքով: «Ժամկետը լրանալուն պես պայմանագրերը վերակնքվել են, այդ մարդիկ ջրի վարձ են տվել, հողի հարկ են տվել և այլն: Հերթական վերակնքման ժամանակ պարզվել է, որ այդ տարածքն արդեն իսկ սեփականաշնորհված է, այն պարագայում, երբ նրանք պարբերաբար դիմել են քաղաքապետարանին սեփականաշնորհման խնդրանքով, սակայն մերժվել են, քանի որ դա հանդիսանում է պամամշակութային տարածք: Որոշ ժամանակ անց կոլտնտեսներին սկսել են փոխհատուցում տրամադրել. մի մասը ստացել են, մի մասը՝ ոչ, մյուսները՝ կիսատ: 

Կոնկրետ այս տարածքը, որն այսօր քանդում էին, վարձակալին փոխհատուցում չի տրամադրվել: Եվ այսօր չի կարելի հստակ պնդել, որ սեփականատերն է, ինչ ուզում է՝ անում է: Պետք է հասկանալ, թե այդ հողն ընդհանրապես ինչպե՞ս է ձեռք բերվել, ինչպե՞ս նա դարձավ սեփականատեր»: 

Ընդգծենք, որ «Դալմայի այգիներ» կոչվող տարածքը Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգին է։ Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։ Այգու տարածքը պատահական չի ընտրվել։ Այն ունի հարավարևմտյան թեքություն, իսկ նման աշխարհագրական դիրքում լուսավորության և ջերմային պայմանները առավել նպաստավոր են այգեգործության համար։ Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 530 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։ 

Մարի Չաքրյանն ընդգծում է. «Երևանի քաղաքապետարանին խնդրի շուրջ մի քանի հարցադրումներ ենք ուղղել, այդ թվում՝ թե ի՞նչ նախագծեր են իրականացվում նշված տարածքում: Քաղաքապետարանը մեզ պատասխանել է, որ չունի տեղեկատվություն. այդ դեպքում, եթե Քաղաքապետարանը չգիտի՝ այնտեղ ինչ է կատարվում, ինչպե՞ս են քանդում»: 

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ կողմից նաև հրապարակվել է տեսանյութ, որը նկարահանվել է 2 շաբաթ առաջ և ցուցադրում է քանդվող այգիները: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը խնդրի մանրամասները կներկայացնի շուտով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում