Բնության 4 պահպանվող տարածքների 344 հազար եվրո է փոխանցվել
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո:
Մասնավորապես, շուրջ 101 հազար եվրո հատկացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:
Նշենք, որ գրեթե նույնաչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին:
CNF-ը 10 տարի աջակցում և շարունակելու է օժանդակությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, իրականացնելով իր ռազմավարական առաքելությունը՝ ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությունը: