Տեսնես վարչապետն ինքնուրո՞ւյն է գալիս այսպիսի եզրահանգումների․․․
«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի կարող է փլվել:
Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետեւ հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել:
Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչեւ վերջ գնալ ճշմարտության հետեւից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետեւ չէր լինի նրա համար պատասխանատու որեւէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով:
Եւ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. Տեսչական մարմինները գնացին եւ մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա եւ նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:
Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն եւ ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը:
Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը:
Իսկ նրանք, ովքեր պնդում էինք, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որեւէ պատասխանատվություն կրելու՞ են: Իհարկե՝ ոչ: Որովհետեւ նրանք ամեն ինչ կարող են պնդել:
Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որեւէ պատասխանատվություն կրելու՞ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի եւ տնտեսական ցուցանիշների համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերոնշյալ գրառմանն արձագանքել են բնապահպանության ոլորտի միշարք ներկայացուցիչներ։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։
Էդուարդ Մինասյանը գրել և հրապարակել է լուսանկարներ․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մոնիպուլյացիայի մասին․
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում մատնացույց արեց օրերս տեղի ունեցած 4 բալ երկրաշարժի մասին շեշտելով, որ տեսեք Թեղուտի հանքի պոչամբարը չքանդվեց։ Նախ այդ երկրաշարժը www.seismo.ge/ կայքից պարզվում է, որ ոչ թե 4 այլ 3,7 բալ ուժգնությամբ է, երկրորդ այդ երկրաշարժը տեղի է ունեցել 10կմ խորության և Թեղուտի պոչամբարից 78 կմ հեռավորության վրա։ Ի դեպ քարտեզին նայելով այդ երկու կետերի միջև 2 լեռնաշղթա, մեկ դաշտավայր և մեկ կիրճ կա, չնայած դրա մասով ավլի լավ կլինի մասնագետները խոսեն։
ՀԳ Չմոռանամ ասել, որ վրացական կայքից օգտվել եմ, որովհետև հայկական համապատասխան կայքը չի գործում
ՀԳՀԳ Պարոն վարչապետ, շատ եմ խնդրում, մի ինֆորմացիայի վրա հենվելուց և առավել ևս հրապարակելուց առաջ մի հատ ստուգեք, չե՞ք զգում էս էլ որերորդ անգամ են Ձեզ փուռը տալիս, Սոլթլեյք Սիթիի պատմությունը դեռ թարմ է»։
Ապրես Զոհրաբյանը գրել է․ «Նոր Նիկոլը գրառում է արել, որի հիմնական ասելիքն էր թե «բա ասում էիք Թեղուտի պոչամբարը ճաք է տվել, եթե տենց լիներ բա խի չփլվեց հենա 2-4 բալանոց երկրաշարժ էր»: Էս գրառման տակ հիացական արտահայտություններ են արել ինտելեկտի հետ ակնհայտորեն խնդիրներ ունեցող մի բազմությունը: Մի կես գրամ ուղեղ ունեցող մարդը կամաչեր նույնիսկ լայքել էս ակնհայտ աբսուրդ միտքը ուր մնաց թե գովասանական մեկնաբանություններ թողներ:
Այդ պոչամբարի հետ կապված անվտանգության խնդիրների պատճառով «Վալեքսը» դեռ անցյալ տարի կանգնեցրել էր հանքի շահագործումը մինչև հայտնի փողոցային իրադարձությունները :Դրա վտանգավորության մասին խոսացել էին մասնագիտացված կառույցները:Հիմա Նիկոլը ասում է եթե 2-4 բալին դիմացավ ուրեմն անվտանգ է :Վերջին երկրաշարժը իր ազդեցությունը անպայման թողած կլինի նաև Թեղուտի պոչամբարի վրա: Պոչամբարի փլուզումը կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան և դա միայն երկրաշարժով չի պայմանավորված:Բրազիլիայում պոչամբարը հո երկրաշարժից չփլվեց:
Ազգովին քաշված ենք ով նստում է էդ աթոռին դառնում է անադեկվատ»:
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ գրառում է կատարել Թեղուտի հանքի պոչամբարի խնդրահարույց պատվարի մասին, թե բա տեսաք, երկրաշարժ եղավ, բայց պատվարը չփլվեց՝ չնայած որոշ մարդիկ ասում էին, թե փլվելու վտանգ կա։
Տեսնես ի՞նչ-որ մարդիկ են այսպիսի տեղեկություններն ու մտքերը հրամցնում վարչապետին, թե՞ նա ինքնուրույն է գալիս այսպիսի եզրահանգումների։
Շատ հակիրճ ասեմ, որ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը միայն երկրաշարժից չէ որ կարող է փլվել։ Կան ավելի լուրջ վտանգներ։ Թող դիմի անաչառ մասնագետներին և նրանք բացատրեն դա։ Կամ կարող է կարդալ արդեն իսկ եղած ուսումնասիրությունները Հայաստանի բոլոր պոչամբարների պատվարների անվտանգության և սխալ կառուցված լինելու մասին՝ այդ թվում նաև հենց Թեղուտի։
Նաև կարող է ուսումնասիրել, թե ինչո՞ւ են փլվել մի քանի պոչամբարներ վերջին մի քանի տարում Կանադայում և Բրազիլիայում՝ առանց որևէ երկրաշարժի»։