Ահազանգ․ կրկին բանտարկված կենդանիներ Տավուշի մարզում (ֆոտո)
«Հզորները ...
Մենք դեռ արջերին վանդակներում ենք պահում, որ հյուրատներ շատ մարդ գնա ու մարդը դեռ փորձում ա ապացուցի, որ ամենաուժեղը ինքն ա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել և լուսանկարներ է հրապարակել Արսեն Խեչոյանը։
Վերջինս նշել է, որ կենդանիները պահվում են Տավուշի մարզում գտնվող «Հեքիաթ» կոչվող հյուրատանը։
«Հեքիաթ» հանգստի գոտին և հյուրանոցը գտնվում են Իջևան քաղաքում, ղեկավարն է Սամվել Մատինյանը։
Հիշեցնենք, որ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ևս անազատ պայմաններում արջեր էր պահում։ 2018թ․-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների այցելության ժամանակ արջերը չեն հայտնաբերվել և կենդանիների ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնացել։
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհն ազգային հարստություն է: Այն բնության ամբողջականությունն ապահովող առավել կարևոր տարրերից է, դրա էկոլոգիական հավասարակշռության և ներդաշնակ զարգացման երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է»:
Նույն օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»:
Ինչպես նաև հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:
Ընդգծենք, որ ստեղծված իրավիճակը հանդիսանում է ՀՀ-ում օրենսդրական բացերի և պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնևի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին: Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարևան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը ևս դասվել է առաջին կարգի երկրների շարքին:
Այնումանայնիվ՝ անտեսելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, օրենսդրական բացերն ու վերահսկողության բացակայությունը, ՀՀ-ում տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք շարունակում են անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահել, ինչն էլ հաճախ վերածվում է կենդանու շահագործման կամ որպես զվարճանքի միջոց օգտագործման:
Հավելենք նաև, որ գրեթե 20 տարվա ընթացքում ՀՀ-ում երբևէ չի իրականացվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում, չնայած դեռ 2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի պահանջի:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: