Գիհիները տակից անընդհատ այրվում են․ Ֆելիքս Ցոլակյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհին: ԱԻ նախարարը հայտնել է, որ նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել այդ տարածք և մանրամասներ է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Այս մշակույթը մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ, որովհետև երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում, ինչ-ինչ նպատակներով: Այստեղ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն»,- նկատել է վարչապետը:
Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ գիհիները տակից անընդհատ այրվում են, ինչն աննկատելի բան է, և կրակը տեղ-տեղ դուրս է գալիս: Ըստ նրա՝ նույնը Խոսրովի անտառում էր: Նրա խոսքով՝ կրակը հողի տակով է գնում և մի օջախը հանգցնելուց հետո այլ տեղերում նոր օջախներ են հայտնվում: Նա նշեց, որ ճանապարհ են բացել և սարի գագաթ ջրի մեքենա է հասել:
Գործադիրի ղեկավարը նշել է նաև, որ հանձնարարել է Ճանապարհային ոստիկանությանն առանձնակի խիստ լինի ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ. «Առավել ևս այս ընթացքում պետք է շատ խիստ լինել և պետք չէ վարանել՝ տուգանել և կոնկրետ վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել: Բայց, իհարկե, ավելի լավ կլինի, երբ մեր սիրելի հայրենակիցները նման գործողության ընդհանրապես չդիմեն»: