Առյուծը չգտնվեց. Պետական մարմիններն անտեղյակ են կենդանու ճակատագրից (տեսանյութ)

ՀՀ Ոստիկանությունը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը չգիտեն, թե որտեղ է այժմ հունիս ամսին Կ. Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան) տեսանկարահանված առյուծի ձագը (տեսանյութ):

Երեք պետական գերատեսչություններից ոչ մեկը տեղեկություն չունի Երևանում պահվող գիշատիչ կենդանու գտնվելու վայրի մասին, այն դեպքում, որ տեսանյութերում երևում է՝ ինչպես է գիշատիչ կենդանին «ազատ» զբոսնում վերոնշյալ տարածքում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ անազատ պայմաններում վայրի կենդանի պահելու թույլտվություն չի տրամադրել: Նշված իրավիճակը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ում կենդանիների հետ կապված խնդիրների պարագայում առկա բացարձակ բարձիթողի և անվերահսկելի իրավիճակի մասին: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստացված պաշտոնական գրության մեջ ասվում է. «...Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից վարչական վարույթի շրջանակներում զննում է իրականացվել Երևան քաղաքի Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում գործող «Լիա-Կաֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Կերամա-Մարացի» խանութ) տարածքում, սակայն առյուծ չի հայտնաբերվել:

Լուսանկարը վկայում է, որ կենդանին գտնվել է վերոնշյալ տարածքում:

Գործի հետագա ընթացքն ապահովելու և առյուծին հայտնաբերելու նպատակով գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ստացված պատասխան գրության համաձայն՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրենց կողմից նույնպես առյուծ չի հայտնաբերվել:

Ելնելով վերոգրյալից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճվել է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԸՏՄ-ից տեղեկացել ենք, որ տեսուչները դիմել են ոստիկանություն, քանի որ չեն կարողացել նշված տարածքում հայտնաբերել կենդանուն: Ըստ էության, ոստիկանությունը ևս նշված տարածքում առյուծին չի հայտնաբերել, ինչը բավականին տրամաբանական և բնական է համացանցում և ԶԼՄ կողմից բարձրացված աղմուկից հետո: Սակայն, ո՛չ ՀՀ ոստիկանությանը, ո՛չ ԲԸՏՄ չի հետաքրքրել, թե որտե՞ղ է այժմ կենդանին, ավելին ԲԸՏՄ շտապել է կարճել հարուցված վարչական վարույթը:

Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի, որը մեզ հետ զրույցում հաստատել է, որ կենդանին պահվում է գործարանի տարածքում. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»:

Չնայած, ներկայումս գործող օրենքում առկա բազմաթիվ բացերին, այնուամենայնիվ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը»: Նույն հոդվածի 5-րդ կետը սահմանում է դրա անհրաժեշտությունը. « ...5. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով»:

Ինչպես նաև հոդված 27.2-ի առաջին կետը սահմանում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»:

Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է: Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է: Իսկ առաջնորդվելով Կենդանիների բարեկեցության համաշխարհային հռչակագրով (Universal Declaration on Animal Welfare) սահմանված հինգ ազատությունների (5 freedoms) սկզբունքով, նման պայմաններում կենդանի պահելն անընդունելի է:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կրկին անգամ հրավիրում է իրավապահ և պատասխանատու պետական մարմինների ուշադրություն սույն դեպքի, ինչպես նաև ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների ոլորտում առկա անվերահսկելի իրավիճակի վրա, որը սպառնում է ունենալ վատագույն ելքը:

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ստեղծված իրավիճակը հանդիսանում է ՀՀ-ում օրենսդրական բացերի և պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնևի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին: Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարևան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը ևս դասվել է առաջին կարգի երկրների շարքին: 

Ուշագրավ է նաև, որ այսքան տարիների ընթացքում ՀՀ-ում երբևէ չի իրականացվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում, չնայած դեռ 2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի պահանջի: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում