Հազվագյուտ գառնանգղը պահվում է ապօրինի՝ առանց անհրաժեշտ թույլտվության
Շրջակա միջավայրի նախարարությունը (Բնապահպանության նախարարություն) «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ տարածքում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն չի տրամադրել: «Ձեր հիշատակած տարածքում անազատ պայմաններում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն նաև չի տրամադրվել «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ին»,- ասված է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին ուղարկված գրության մեջ:
Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է Երևանի Մահարու 148 հասցեում գտնվող «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված, ամբողջ աշխարհում հազվագյուտ և սակավաթիվ գառնանգղի (մորուքավոր անգղ/Gypaetus barbatus) հասուն (ավելի քան 6 տարեկան) առանձնյակ պահելու մասին:
Նշված կենդանուն անազատ պայմաններում պահելու օրինականությունը պարզելու համար դիմել ենք նաև թույլտվություն տրամադրող լիազոր մարմնին, այն է՝ շրջակա միջավայրի նախարարությանը (բնապահպանության նախարարություն):
Գրությամբ հայտնում են նաև. «Հայաստանում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու հարաբերությունները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1 և 27.2 հոդվածների դրույթներով:
Սակայն վերոգրյալ հոդվածների դրույթներն ամբողջապես չեն կարգավորում բնապահպանության նախարարության և անազատ ու կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ օգտագործող իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև իրավահարաբերությունները:
Այդ նպատակով ներկայումս քննարկման փուլում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մշակված օրենքի նախագծում փոփոխություններ են առաջարկվել նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու և օգտագործելու հարաբերությունները կարգավորող 27.1 և 27.2 հոդվածներում:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են լիազորված պետական մարմնի հետ պայմանագրեր կնքելու միջոցով անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն:
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու և օգտագործելու թույլտվություններ կարող են տրամադրվել վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո»:
Հայտնենք, որ սույն ահազանգի հետ կապված EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հայտնել է նաև ՀՀ ոստիկանությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Երևանի քաղաքապետարանին:
Հիշեցնենք, որ գառնանգղն (մորուքավոր անգղ/Gypaetus barbatus) ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացած է Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի, Փոքր և Միջին Ասիայի լեռներում: Հայաստանում տարածված է համարյա ամբողջ տարածքում, բացի հանրապետության արևմուտքից և հյուսիս-արևմուտքից: Կարմիր գրքի տվյալներով՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգ: Տեսակի վտանգման հիմնական գործոններն են՝ թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Մեկ զույգը բնադրում է «Խոսրովի անտառ» արգելոցում, երկու մյուս զույգի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: Որպես պահպանության միջոցառումներ ԿԳ-ում նշվում է. «Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի և գառնանգղին սպանելու վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: Ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսիդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ»: