«Կենդանիները ռեկվիզիտ չեն». դաժանություն և ծաղրանք՝ հեռուստատեսությամբ (տեսանյութ)
ՀՀ-ում դեռ շարունակվում է չկարգավորված մնալ կենդանիներին որպես զվարճանքի միջոց օգտագործումը, նմանատիպ նյութերի քարոզը, որը հաճախ վերածվում է անգամ կենդանուն ծաղր ու ծանակի ենթարկելու: Նմանատիպ միջոցառումները չեն կանոնակարգվում և վերահսկվում պետական մարմինների կողմից, այլ թողնվում են այս կամ այն «մասնագետի», կենդանուն շահագործողի խղճին:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ շարունակում է ներկայացնել նման դեպքերի մասին վկայող փաստեր:
«Շանթ» հեռուստաընկերության եթերում երգչուհի Գայա Արզումանյանը հաղորդումների ընթացքում որպես սեփական արտաքին տեսքի լրացում և «աքսեսուար» ակտիվորեն օգտագործում է տարբեր տեսակի կենդանիների: Հաղորդաշարի ընթացքում երգչուհու ձեռքում կարելի է տեսնել թե՛ էկզոտիկ, թե՛ ընտանի կենդանիների, ինչպիսիք են օրինակ՝ կոկորդիլոս, օձ, կատու, հավ, ներկված մազերով շուն, թռչնի ճուտ և այլն: Գայա Արզումանյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ իր look-երն ընտրում է իր պրոդյուսեր և ոճաբան Արայիկ Գաբաջյանը։ «Սկզբնական շրջանում հագուստս ընտրում էինք ըստ կենդանիների, որոնց ուղեկցությամբ գալիս էի դահլիճ։ Վերջին մի քանի եթերների կերպարներս ընտրվել են` ըստ նախորդ ծրագրերում իմ look-երի վերաբերյալ արված հումորների»։
Եվ իսկապես, երգչուհու ձեռքում հայտնված կենդանիներից ոգևորված, հաղորդման մասնակիցները ևս սկսել են օգտագործել կենդանիներին որպես ծաղրանքի միջոց՝ ներգրավելով անգամ ոչխարի:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Գայա Արզումանյանին կենդանիներ տրամադրում է «Շանթ» հեռուստաընկերության հետ գովազդային պայմանավորվածություն ունեցող «Էկզոտարիում» ՍՊԸ-ն:
Չնայած, հավանաբար, «Էկզոտարիում» ՍՊԸ կողմից տրամադրվող կենդանիները ծնվել են անազատության մեջ, բայց նշված կենդանիները ժամեր շարունակ անցկացնում են նկարահանման հրապարակում, աղմուկի, գոռոցների, ծափահարությունների ուղեկցությամբ, անցնելով տարբեր մարդկանց ձեռքով, թափահարվելով, սեղմվելով և այլն: Այս ընթացքում կենդանին ենթարկվում է ուժեղ սթրեսի և միգուցե նաև ֆիզիկական ցավի:
Նշենք, որ 1977թ.-ին Մեծ Բրիտանիայում կենդանիների բարեկեցության աստիճանը գնահատելու համար գիտնականների կողմից ներդրվել է «5 ազատությունների» (5 freedoms) սկզբունքը: Այս մոդելը սահմանում է 5 նվազագույն ազատությունները, որոնք պետք է ունենա անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող ցանկացած կենդանի. 1. Ազատություն սովից ու ծարավից (Freedom from hunger or thirst), 2. Ազատություն անհանգստությունից (Freedom from discomfort), 3. Ազատություն ցավից, իվանդություններից և վնասվածքներից (Freedom from pain, injury or disease), 4. Բնական վարք դրսևորելու ազատություն (Freedom to express (most) normal behaviour), 5. Ազատություն սթրեսից և վախից (Freedom from fear and distress): Այս հինգ ազատությունները հետագայում ներառվել են Կենդանիների բարեկեցության համաշխարհային հռչակագրում (Universal Declaration on Animal Welfare): Համաձայն հռչակագրի՝ «5 ազատությունները» պետք է ապահովված լինեն անազատության մեջ պահվող կենդանիների համար:
Նշված երգչուհու վերաբերմունքը կենդանիների նկատմամբ արտահայտում է նաև սոցիալան ցանց նրա կողմից բեռնված հետևյալ լուսանկարը, որը վերջինս մեկնաբանել է հետևյալ կերպ. «1987թ. Մեծ Գենա և փոքրիկ Գայա: 2019թ. Մեծ Գայա և փոքրիկ Գենա»:
Լուսանկարում կոկորդիլոսն է, որի գլխին, հավանաբար ոճաբանի խորհրդով, թագ են հագցրել, և որը հանդիսացել է վերոնշյալ հաղորդման «աքսեսուար»: Կենդանուն ոչ միայն օգտագործել են որպես զվարճանքի միջոց, ենթարկել են ծաղրանքի, թափահարել են, շպրտել ձեռքից ձեռք, այլև զրկել են վերոնշյալ 5 ազատություններից: Սա վերաբերում է նշված հաղորդաշարում շահագործվող բոլոր կենդանիներին:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը բարձրաձայնված խնդիրների մասին փորձեց զրուցել նաև Գայա Արզումանյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Նշված երևույթների մասին մենք զրուցեցինք ԱՄՆ-ում գործող «Armenian environmental network» տնօրեն Սերդա Օզբենյանի հետ: «Շատ անհանգստացնող է տեսնել հայտնի մարդկանց, որոնք շահագործում են կենդանիներին հեռուստատեսությամբ և ցուցադրում են կարծես նրանք պարզապես ռեկվիզիտ կամ աքսեսուար են: Սա հնացած է, նվաստացուցիչ և քարոզում է կենդանիների նկատմամբ վատ կամ դաժան վերաբերմունք: Հայտնի է, որ շատ հաճախ որպես զվարճանքի միջոց օգտագործվող կենդանիները լինում են թմրանյութերի ազդեցության տակ և ենթարկվում են դաժան վերաբերմունքի, որպեսզի ստիպեն նրանց հանգիստ վարք դրսևորել: Հաճախ նրանք ենթարկվում են ֆիզիկական ճնշման կամ սովի, որպեսզի ստիպեն նրանց հիմար հնարքներ կատարել: Նրանց հաճախ պահում են փոքր վանդակների մեջ առանց որևէ ստիմուլյացիայի: Շատ կենդանիներ վաղաժամ մահանում են այս սթրեսների և անորակ խնամքի հետևանքով: Կենդանիները ռեկվիզիտ չեն: Նրանք ունեն բարդ ֆիզիկական և վարքային պահանջներ: Ժամանակակից շատ հասարակություններ հրաժարվել են կենդանիների օգտագործմամբ «զվարճանքի» նման ձևերից՝ հասկանալով, որ դա ոչ միայն անմարդկային է կենդանիների նկատմամբ, այլև հասարակության համար, քանի որ չի խրախուսում հարգանք դեպի կենդանիները, կյանքը:
Հայկական հեռուստաընկերությունները կարող են փոխել իրավիճակը՝ հաստատուն դիրք գրավելով ընդդեմ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի յուրաքանչյուր դրսևորման և չտրամադրելով հարթակներ նման կոնտենտի համար: Հայաստանի իշխանությունները պետք է խստացնեն կենդանիներին պաշտպանող օրենքները, որպեսզի ավելի լավ պաշտպանեն կենդանիներին դաժան վերաբերմունքից և շահագործումից»:
Նշենք, որ «Armenian environmental network»-ի առաքելությունն է` նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը բարձրացնելով իրազեկվածությունն ու լուծումներ առաջարկելով ՀՀ բնապահպանական խնդիրների համար:
Ընդգծենք նաև, որ նշված հաղորդաշարին պարբերաբար մասնակցություն են ունեցել տարբեր հայտնի մարդիկ, հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, որոնք բոլորովին վերջերս ՀՀ կառավարությանն են ներկայացրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ:
Վերոնշյալ հաղորդաշարում կենդանիների շահագործման դեպքերի մասին զրուցեցինք նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի ղեկավար Արևիկ Մկրտչյանի հետ, ով ասաց. «Կենդանու գլխի վրա թագ դնելու, կենդանուն շղթայելու, զվարճանքի առարկա դարձնելու գործողությունները դեմ են կենդանիների բարեկեցության ապահովման բոլոր նորմերին, ավելին` դեմ են մարդկային բարոյականությանը: Անհասկանալի է և անընդունելի իրենց իմիջը վայրի կենդանիների հետ կապելու որոշ անձանց մոլուցքը: Նման երևույթներին օր առաջ պիտի վերջ դրվի, նման անձինք չպիտի իրավունք ունենան ԶԼՄ-ներով քարոզելու այսպիսի ծաղրական վերաբերմունք կենդանու նկատմամբ»:
Հավելենք, որ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող օրենքի անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են տարբեր կենդանապաշտպան կազմակերպություններ, սակայն մինչ այժմ ոլորտը մնում է բացարձակ բաց և չկանոնակարգված: Վերջերս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի, Մերի Գալտյանի նախաձեռնությամբ ԱԺ ՏՏԳԲ հանձնաժողովին կից կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբը քննարկել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նախատեսում է համալիր լուծումներ տալ առկա խնդիրներին, այդ թվում նախատեսվում է արգելել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք քարոզող նյութերի հրապարակումը:
Մինչ այդ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հորդորում է երգչուհուն, նրա ոճաբանին, հեռուստաընկերության և նշված հաղորդաշարի պատասխանատուներին զերծ մնալ կենդանիների նմանօրինակ շահագործումից և որպես զվարճանքի միջոց օգտագործելուց: