Բնապահպանության նախարարը դատի կտա «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադրին
«Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Վերջինս մասնավորապես գրել է. «Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։
Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:
Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները: Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսևորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։