Մադրիդում արգելվել է կենդանիների մասնակցությամբ կրկեսը
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում պաշտոնապես արգելվել է կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումների ցուցադրումը: Արգելքի որոշումը կայացվել է Կենդանաբույժների եվրոպական ֆեդերացիայի (European Veterinary Federation) խորհրդատվության հիման վրա, որը նշում է՝ կրկեսային ձևաչափերը չեն կարող բավարարել վայրի կենդանիների բնական անհրաժեշտությունները, մասնավորապես՝ չի ապահովվում կենդանու ադեկվատ տեղաշարժի հնարավորությունը և կենդանին չի կարող արտահայտել իր բնական վարքը:
«Մենք չենք ցանկանում, որ այս որոշումն ընկալվի որպես հարձակում կրկեսների վրա: Կրկեսի պատմությունը հանդիսանում է մշակութային ժառանգության մասնիկը, բայց 21-րդ դարում զվարճանքի հետևում երբեք չի կարող կանգնած լինել ոչ մի շնչավոր էակի տանջանքը, լինի դա մարդ թե կենդանի»,- այս մասին հայտարարել է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորների կուսակցության գլխավոր քարտուղար Իգնասիո դե Բենիտոն:
Մադրիդում կենդանիների մասնակցությամբ ներկայացումներ ցուցադրող կրկեսներին տրամադրվել է 1 տարի ժամանակ՝ ծրագրում փոփոխություններ կատարելու համար: Նշենք, որ Պորտուգալիան նախորդ տարի հայտարարել է, որ 2024թ.-ին պատրաստվում է կրկեսներում գտնվող բոլոր կենդանիներին տեղափոխել կացարաններ: