Ահազանգ. հազվագյուտ կարմիրգրքյան թռչունը՝ «կենդանասերի» ձեռքերում (տեսանյութ)

ՀՀ-ում բացակայում է մասնավոր տարածքներում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների մասին ամբողջական համակարգային տեղեկատվությունը, ինչի հետևանքով էլ անհայտ է, թե որտեղ, ինչ տեսակի, քանակի, ծագման, ինչ պայմաններում և ինչ ռիսկայնությամբ կենդանիներ են պահվում: Այս իրավիճակի հետևանքով նշված ոլորտում ստեղծվել է քաոսային և անվերահսկելի իրավիճակ: Նշված տեղեկատվությանը չի տիրապետում ոչ մի պետական կամ մասնավոր կառույց:

Ավելին, Բնապահպանության նախարարության կողմից երբևէ չի իրականացվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում, չնայած դեռ 2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ի 5-րդ կետը սահմանում է դրա անհրաժեշտությունը. « ...5. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով»:

Պետական հաշվառում չիրականացնելու հետևանքով այսօր անհայտ են մասնավոր տարածքներում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների մասին տարրական տվյալները: Նշված տեղեկատվությունը որոշ չափով հասանելի է միայն ԶԼՄ-ների, հասարակական հատվածի և մասնավոր կառույցների կողմից հրապարակվող նյութերի միոջոցով, որը մասնակի և թերի է արտացոլում հանրապետությունում տիրող իրավիճակը: Նշված ամբողջական տեղեկատվությանը չի տիրապետում և ոչ մի պետական գերատեսչություն:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար հրապարակում է մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող կենդանիների մասին տեղեկություններ, որոնք ևս կրում են մասնակի բնույթ:

Այս ամենի հետ մեկտեղ ՀՀ-ում պարբերաբար հնչում են հայտարարություններ մասնավոր կենդանաբանական այգիներ ստեղծելու կամ արդեն գոյություն ունեցողները համալրելու մասին: Այդպիսին է, օրինակ՝ Արմավիր քաղաքում գտնվող մասնավոր «կենդանաբանական այգին», որտեղ կենդանիների պահման տարրական պայմաններին և բարեկեցության անմխիթար վիճակին անդրադարձել ենք բազմիցս:

Մասնավոր կենդանաբանական այգի ստեղծելու մտադրության մասին վերջերս հայտարարել է նաև կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ (2017թ.-ի հունիս ամսին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ) տնօրեն Արթուր Խաչատրյանը: Հետաքրքրված լինելով նշված հայտարարությամբ այցելեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Արթուր Խաչատրյանին պատկանող տարածք՝ փորձելով պարզել, թե որ փուլում է գտնվում գործընթացը:

Արթուր Խաչատրյան, «Զօօ ֆաունա Արտ»

Մեզ հաջողվեց հետաքրքիր տեսարան ֆիքսել. տեսախցիկի առջև հայտնվեց ՀՀ կարմիր գրքում գրանցված, ամբողջ աշխարհում հազվագյուտ և սակավաթիվ գառնանգղի (մորուքավոր անգղ/Gypaetus barbatus) հասուն (ավելի քան 6 տարեկան) առանձնյակ:

Գառնանգղ (մորուքավոր անգղ/Gypaetus barbatus)

Նշենք, որ տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացած է Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի, Փոքր և Միջին Ասիայի լեռներում: Հայաստանում տարածված է համարյա ամբողջ տարածքում, բացի հանրապետության արևմուտքից և հյուսիս-արևմուտքից: Կարմիր գրքի տվյալներով՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգ: Տեսակի վտանգման հիմնական գործոններն են՝ թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Մեկ զույգը բնադրում է «Խոսրովի անտառ» արգելոցում, երկու մյուս զույգի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում: Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: Որպես պահպանության միջոցառումներ ԿԳ-ում նշվում է. «Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի և գառնանգղին սպանելու վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: Ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսիդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ»:

Ամբողջ աշխարհում իրականացվում են հատուկ միջոցառումներ և ծրագրեր այս հազվագյուտ թռչնատեսակի ռեինտրոդուկցիան (վերաինտեգրում) ապահովելու համար: Օրինակ՝ նման ծրագիր բարեհաջող իրականացվել է Ալպերում, սակայն գառնանգղը դեռ շարունակում է Եվրոպայի ամենահազվագյուտ գիշատիչ թռչնատեսակը համարվել: Տեսակն ամենուրեք հազվադեպ է հանդիպում մարդկանց կողմից հետապնդվելու պատճառով:

Պարզելու համար, թե ինչ հիմքով, նպատակով է նման հազվագյուտ թռչնատեսակը պահվում կենդանիների առք ու վաճառքով զբաղվող քաղաքացու տիրապետության տակ գտնվող մասնավոր տարածքում դիմեցինք նաև Բնապահպանության նախարարություն՝ նշված տարածքում պահվող կենդանատեսակների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով գրավոր դիմում ուղղելով նախարար Էրիկ Գրիգորյանին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք ստացված գրավոր պատասխանից պարզ դարձավ, որ նախարարությունը և կենսառեսուրսների կառավարման գործակալությունը նշված հարցի շուրջ չեն տիրապետում անհրաժեշտ տվյալների:

Մեր ուղղած բազմաթիվ հարցադրումներին Բնապահպանության նախարարությունը պատասխանել է մեկ նախադասությամբ. «Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից պարբերաբար այցելություններ է իրականացվել Երևանի Մահարու 148 հասցեում գտնվող «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ին պատկանող տարածք` ՍԻԹԵՍ թույլտվությամբ ներմուծված և վերաարտահանման ենթակա կենդանատեսակների նույնականացման վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով»:

Այնուամենայնիվ մեկ այլ գրությամբ խնդրել ենք տրամադրել մանրամասն տեղեկություններ, թե արդյո՞ք նշված մասնավոր տարածքում երբևէ իրականցվել են կենդանիների հաշվառման աշխատանքներ և ո՞րն է եղել ԲՆ աշխատակիցների կողմից վերջին այցելությունը: Ի պատասխան 2-րդ գրավոր հարցման՝ ստացել ենք ևս երկու նախադասություն. «Բնապահպանության նախարարության աշխատակիցները վերջին անգամ այցելել են «Զօօ ֆաունա արտ» ՍՊ ընկերությանը պատկանող տարածք /ք. Երևան, Մահարու 148/ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին` ՍԻԹԵՍ թույլտվությամբ վերաարտահանման ենթակա 2 կապիկների (Chrolocebus pygerythus) միկրոչիպերի համարները «Halo skanner» սարքի օգնությամբ ստուգելու նպատակով:

«Զօօ ֆաունա Արտ» ՍՊ ընկերությանը պատկանող տարածքում կենդանիների հաշվառման աշխատանքներ չեն իրականացվել»:

Փաստացի, ինչպես մյուս մասնավոր տարածքներում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների դեպքում, այս դեպքում ևս բացարձակապես անհայտ է, թե տարածքում ինչ կենդանատեսակներ են պահվում, ինչ քանակով, ինչ նպատակով, ինչպիսին են նրանց պահման պայմանները, ինչ ապագա է սպասվում կենդանիներին. Ի վերջո, եթե նրանց գոյության մասին պատասխանատու մարմինը տեղեկացված չէ, սահմանված չէ պատշաճ վերահսկողություն, ապա կենդանիների «անհետացումը» ևս ոչ ոք չի նկատի:

Պարզելու համար, թե ինչպես և որտեղից է քաղաքացի Արթուր Խաչատրյանին պատկանող տարածքում հայտնվել հազվագյուտ գառնանգղը, դիմեցինք մի քանի պետական կառույցների, ինչպես նաև անձամբ Արթուր Խաչատրյանին: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով. «Երևի Էկոնյուզի համար երբեք հարմար չի լինի»:

Ինչևէ, գառնանգղի ՀՀ տարածք ներմուծման կամ բնությունից վերցված լինելու հավանականությունը պարզելու համար ուսումնասիրեցինք ԲՆ կողմից մեզ տրամադրված վերջին 6 տարիների ընթացքում Սիթես հավաստագրով ՀՀ տարածք ներմուծված, արտահանված կամ վերաարտահանման ենթակա կենդանատեսակների Սիթես գրանցամատյանում առկա տվյալները: Գառնանգղի ներմուծման, արտահանման կամ վերաարտահանման մասին տեղեկություններ բացակայում են:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալներում վերջին 6 տարիների ընթացքում գառնանգղի ՀՀ տարածք ներմուծման դեպք ևս չհայտնաբերեցինք:

Ուստի, քանի որ Արթուր Խաչատրյանը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել թռչնի ծագման և անազատ պայմաններում պահելու նպատակի մասին, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը` ուսումնասիրելու համար հոդվածում բարձրաձայնվող խնդիրները:

Նշենք նաև, որ այս մասնավոր տարածքում պահվող հազվագյուտ թռչունը բնավ միակը չէ, քանի որ տեսաձայնագրության մեջ լսվում են տարատեսակ թռչունների (ճուռակներ) ձայներ, որոնց տեսախցիկը չի ֆիքսել: Նկարահանել ենք նաև քարակաքավների, որոնք հավանաբար բուծված են, իսկ տարածքն էլ օգտագործվում է նաև որպես բուծարան:

Հիշեցնենք, որ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնևի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին: Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարևան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը ևս դասվել է առաջին կարգի երկրների շարքին:

Միջազգային մամուլը ևս պարբերաբար անդրադառնում է ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների պայմաններին, ՀՀ-ում կենդանիների առք ու վաճառքի ցանց գործելու, ՀՀ-ն որպես կենդանիների առևտրի տարացիկ երկիր օգտագործելու դեպքերին:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակաբար կանդրադառնա ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիների պահման խնդիրներին՝ հրավիրելով պետական պատասխանատու մարմինների ուշադրությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում