Արցախից՝ Վեդի, այնուհետև՝ Ուրցաձոր. «Վարչապետի» արջերի արկածները (տեսանյութ)
Օրերս Արցախի Քարվաճառի շրջանում մարդկանց կողմից վարժեցված և զորամասի տարածք ելք ու մուտք անող արջի քոթոթները տեղափոխվեցին Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը՝ հիմնադրամ ստացվել է ահազանգ Վեդի քաղաքից այն մասին, որ երկու արջերը դուրս են եկել վանդակից և վնաս են հասցրել քաղաքացիների գույքին: Վեդի մեկնած FPWC աշխատակիցներն անվնաս քնեցրել են կենդանիներին և տեղափոխել ԿԿԱ: Պարզվել է, որ արջերը ինչ-որ եղանակով Վեդիում են հայտնվել Արցախից. Քարվաճառից արջերը տեղափոխվել են Վեդի, որտեղ բնակիչներից մեկը որոշել է «պահել» արջերին, սակայն քոթոթները դուրս են եկել իրենց հատկացված տարածքից: Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Վեդիի բնակչի հետ, սակայն ապարդյուն:
Նշենք, որ գորշ արջերի այս երկու առանձնյակները վարչապետ Նիկոլ Փաշինյանին Քարվաճառի ճանապարհին հանդիպածներն են: Խնդրի կարևորության մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է բազմիցս, սակայն ոչ մի պետական պատասխանատու կառույց չի արձագանքել միջադեպին: Բոլորովին վերջերս խնդիրը կրկին բարձրաձայվեց մեր կողմից, քանի որ արջերն արդեն մեծացել են և շարունակաբար անուշադրության մատնվելու դեպքում հնարավոր էր անկանխատեսելի իրավիճակի առաջացում, ինչը և տեղի ունեցավ, սակայն, բարեբախտաբար, առանց բացասական հետևանքների:
Այս և անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիներին առնչվող մյուս միջադեպերը վկայությունն են ոլորտում առկա բազմաթիվ խորքային և համակարգային խնդիրների, որոնք առաջին հերթին բխում են օրենսդրական պատշաճ կարգավորումների բացակայությունից:
Հավելենք նաև, որ այս երկու քոթոթները ԿԿԱ-ում կանցնեն վերականգնողական կուրս համապատասխան մասնագետների վերահսկողությամբ և դրական արդյունքներ գրանցելու դեպքում կվերադարձվեն վայրի բնություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: