Եղեգիսի ջրավազանը կճանաչվի որպես Սևանա լճի ջրահավաք ավազան

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և շրջանառության մեջ դրել «Սևանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը: 

Նախագծով առաջարկվում է Եղեգիսի ջրավազանը ճանաչել որպես Սևանա լճի ջրահավաք ավազան: Հակիրճ բնութագրում ասվում է. ««Սևանա լճի մասին» օրենքի 3-րդ հոդվածի «Սևանա լճի ջրհավաք ավազան» հասկացությունը սահմանվել է որպես «տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար»:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի Ներածության 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանը, ընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառը` Կեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառները` Սպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները:

Թունելի շահագործման ամբողջ ընթացքում Եղեգիս գետի ջրերը փաստացի նույնպես տեղափոխվել են լիճ, սակայն վերը նշված սահմանումներով Օրենքների կիրառման ոլորտից դուրս են մնացել Եղեգիս գետի ջրհավաք ավազանը՝ մինչև Եղեգիս գետ – Արփա-Սևան N 2 թունել հիդրոհանգույցը»: 

Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է. «Արփա-Սևան թունելի շահագործման օրվանից Սևանա լիճ ջուր է տեղափոխվել ինչպես Կեչուտի ջրամբարից (մինչև 170 մլն մ3 ծավալով), այնպես էլ Եղեգիս գետից (մինչև 80 մլն մ3), որն ըստ էության նշանակում է, որ Եղեգիսի հիդրոհանգույցից վերև Եղեգիսի ջրավազանը փաստորեն նույնպես հանդիսանում է Սևանա լճի ջրհավաք ավազան: Նախագծով նախատեսվում է լրացնել այդ իրավական բացթողումը»:

«Սևանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագծին և հիմնավորմանն ամբողջությամբ ծանոթացեք հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում