«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ դատական կարգով վիճարկում է ԲԸՏՄ ստուգման արդյունքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կրկին պարզաբանում է ներկայացրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունում անցկացված ստուգման արդյունքների վերաբերյալ: Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ. «Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացված ստուգման արդյունքներով: Նշվածի կապակցությամբ, ի լրումն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 30.10.2018թ․ հայտարարության, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
Տեսչական մարմնի ղեկավարի 09.08.2018թ. N 46-Ա հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի կողմից 13.08.2018թ. մինչև 24.08.2018թ. ընկերությունում անցկացվել է ստուգում։
Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերության կողմից խախտվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 378․691․345 ՀՀ դրամ վնաս:
Մասնավորապես՝ Ընկերությունը պարտավոր էր սահմանված ժամկետում՝ այն է 20.03.2013թ․-ից մինչև 07.10.2017թ., ներդնել գազերի մաքրման համակարգ, որի արդյունքում 90 տոկոսով պետք է նվազեր արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակությունը: Սակայն նշված համակարգը չի ներդրվել, որի արդյունքում նվազման փոխարեն գրանցվել է աճման դինամիկա:
19.06.2017թ. Ընկերությունը դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարություն՝ իր կողմից մշակված սահմանային թույլատրելի արտանետումների նախագիծը հաստատելու և բարձր արտանետման չափաքանակների թույլտվություն ստանալու համար, սակայն ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից այն մերժվել է։
Անհրաժեշտ է փաստել, որ ներկայումս Ընկերության գործունեության դադարեցումը չի կարող պայմանավորված լինել Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում ընդունված ակտով: Ընկերությունը դատական կարգով վիճարկում է Տեսչական մարմնի կողմից անցկացված ստուգուման արդյունքները, ինչը նշանակում է, որ մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը Ընկերության մոտ վերոնշյալ վնասը հատուցելու պարտավորություն առկա չէ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դատական գործընթացում ընկերության ներկայացրած պահանջը մերժվելու դեպքում վնասի հատուցման գումարի վճարումը տարաժամկետելու հարցը կարող է քննարկվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով»: